Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին.
«Չի կարելի հույս դնել նրա վրա, թե հայ-թուրքական գործընթացը կլուծի Ղարաբաղյան հիմնախնդիրը։ Ես բավական դրականորեն եմ վերաբերում հայ-թուրքական արձանագրություններին։ Դրանց վավերացումը կբարելավի երկու հարևան երկրների միջև հարաբերությունները, ինչն իր հերթին կնպաստի տարածաշրջանում կայունության ամրագրմանը։
Եթե արձանագրությունները չվավերացվեն, ապա կարծում եմ, որ կբարդանա Հայաստանի ու Թուրքիայի միջև գործընթացը, և մեծ հիասփաթություն կտրի հայ և թուրք հասարակություններում։ Արձանագրությունների վավերացումից հետո Թուրքիան կարող է վստահ լինել, որ նրա տարածքային ամբողջականությունը ճանաչված կլինի, և Հայաստանն արդեն չի կարողանա տարածքային հավակնություններ ներկայացնել նրա նկատմամբ։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա արձանագրությունների վավերացումից հետո նա կստանա Թուրքիայի հետ բաց սահման, դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Թուրքիայի հետ, ինչը նրան քաղաքական դիվիդենդներ կբերի արտաքին քաղաքական դաշտում։ Պատմաբանների ապագա հանձնաժողովն էլ կքննարկի պատմական փաստերը։
Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելով՝ Հայաստանը դրանով իսկ կարող է Հայկական սփյուռքին ցույց տալ, որ կախված չէ նրանից։ Մի խոսքով, արձանագրությունների վավերացման դեպքում երկու երկրներն էլ կհայտնվեն շահեկան վիճակում։
Երկու երկրներում էլ առկա են ընդդիմադիր ուժեր, որոնք դեմ են արձանագրությունների վավերացմանը։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Բաքվում համոզված են, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատճառով, ինչի համար էլ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը պետք է բացի միայն այն ժամանակ, երբ Հայաստանն իր զորքերը դուրս կբերի Լեռնային Ղարաբաղից։
Հայաստանի հետ բանակցություններ սկսելով՝ Թուրքիան կարծում էր, թե կարող է հաշվի չառնել Ադրբեջանի կարծիքը և նմանատիպ բուռն արձագանք չէր սպասում նրանից։ Սակայն թուրքերը սխալվեցին իրենց հաշվարկներում։ Ադրբեջանին հաջողվեց ներազդել թուրքական իշխանությունների, հասարակության ու ազգայնական ուժերի վրա՝ հասնելով նրան, որ Անկարան ստիպված եղավ Երևանի հետ իր հարաբերություններում հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ու հայ-թուրքական արձանագրությունները միմյանց հետ կապ չունեցող, առանձին գործընթացներ են։ Մյուս կողմից էլ չի կարելի պնդել, թե դրանք ընդհանրապես կապ չունեն միմյանց հետ։ Դրանք որոշակիորեն կախված են միմյանցից, սակայն չի կարելի հույսեր տածել, թե հայ-թուրքական գործընթացը կլուծի Ղարաբաղի հարցը։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված տարբերակն է։ Խոսքը Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի ու անվտանգության երաշխիքների տրամադրման մասին է։ Լեռնային Ղարաբաղը երկար տարիներ գտնվում է մեկուսացման մեջ, և արտաքին աշխարհի հետ նրա միակ կապն իրականացվում է Հայաստանի միջոցով։
Լեռնային Ղարաբաղում առկա է գործող կառավարություն, զարգացող տնտեսություն, ինչի համար էլ նրան միջանկյալ կարգավիճակի տրամադրումը կնպաստի միջազգային հանրության հետ Լեռնային Ղարաբաղի կապերի հաստատմանն ու ներդրումների ներգրավմանը»։









































