Ամերիկյան հեռահաղորդակցման ընկերությունը մրցանակ է սահմանել բժշկական ախտաբանական սարքի մշակման համար:
Ինչպես հայտնում է BBC-ն, Qualcomm ընկերությունը խոստանում է 10 միլիոն դոլարով պարգևատրել տրիկոդերի համանման գործառույթներով սարքի ստեղծման համար, որը հորինվել էր «Աստղային ճանապարհներ» արկածային սերիալի հեղինակների կողմից:
Ֆիլմի սյուժեով տրիկոդերը շարժական սարք է, որը կարելի է կիրառել տարբեր օբյեկտների և շրջապատող տարածության հետազոտության համար` սենսորային տվիչների օգնությամբ, ինչպես նաև ստացված տվյալների մշակման և ձայնագրման համար: Սերիալի հերոսները սարքից օգտվում էին երկրաբանական, օդերևութաբանական և կենսաբանական հետազոտություններ կատարելու համար:
Բացի այդ, ֆանտաստները մտածել են տրիկոդերի բժշկական տարբերակը: Սերիալում այդ սարքը համալրվել է լրացուցիչ արտաքին սենսորային բարձր զգայունությամբ: Այն կիրառվել է տարբեր հիվանդություններ ախտորոշելու, օրգանիզմի ամբողջական վիճակը և ներքին օրգանների խանգարումները գնահատելու համար:
Մրցույթի կանոնների համաձայն՝ բջջային սարքը որոշելու է առողջության առանցքային ցուցանիշները և ախտորոշելու է 15 տարբեր հիվանդություններ:
Qualcomm ընկերության նոր մրցանակի մասին հայտարարվել է միջազգային Consumer Electronics Show ցուցադրության ժամանակ՝ Լաս Վեգասում: Մրցանակի հիմնադիրները հույս ունեն, որ մրցանակային ֆոնդը կխթանի ինժեներներին իրականություն դարձնել գիտական ֆանտաստիկան:









































