Հունվարի 6-ին նշանակված Վատիկանի 22 նոր կարդինալների կենսագրությունները, պարզվում է, կրկնօրինակվել են Վիկիպեդիայից: Ինչպես գրում է The Guardian թերթը, Վատիկանն այդ կենսագրություններն ուղարկել է լրագրողներին, որոնք էլ հայտնաբերել են գրագողությունը:
Մասնավորապես նրանք նկատել են, որ հոդվածները շարադրված են Վատիկանի տեքստերին ոչ բնորոշ ոճով: Չնայած դրան՝ տեղեկության աղբյուրը նշված չի եղել:
Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ կարդինալների մասին տեղեկությունների կրկնօրինակումը ժամանակավոր է, և նրանց ամբողջական կենսագրություններն աստիճանաբար հրապարակվում են Վատիկանի կայքում: Նա նաև նշել է, որ լրագրողներին ուղարկված կենսագրությունները «պաշտոնական» չեն եղել:
Պարբերականը հիշեցնում է, որ Վատիկանն իր տրամադրության տակ ունի աշխարհի ամեանահարուստ գրադարաններից մեկ, որտեղ հաշվվում է 1.6 մլն գիրք և ավելի քան 180 հազար ձեռագիր:











































