Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պատրաստվում է ամբողջությամբ հրաժարվել դոլարից։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի անդամ Սեիդ Քյազիմ Դելհոշը։
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս պատրաստվում է մի նախագիծ, որով նախատեսվում է ոչ դոլարային ապրանքաշրջանառություն իրականացնել Իրանի և նրա գործընկեր երկրների միջև։
Նշվում է, որ երեկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը զանգահարել է իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևին և պայմանավորվել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ժամանակ դոլարից հրաժարվելու շուրջ։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին Իրանի Կենտրոնական բանկի դեմ ԱՄՆ-ի սահմանած ֆինանսական պատժամիջոցներից հետո իրանական ռիալը պատմական անկում ապրեց՝ նվազելով միանգամից 12 տոկոսով։








































