2012 թ. հունվարի 30-31-ին Ստամբուլում տեղի կունենա «Ձեր բիզնեսի զարգացումը. միջազգային հնարավորությունների բացահայտում» խորագրով համաժողով, որը կազմակերպում է Ձեռներեցների և ղեկավարների զարգացման կենտրոնը:
Կենտրոնից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ այս համաժողովի նպատակն է բացահայտել տարածաշրջանային հնարավորությունները, քննարկել շուկայի զարգացման միտումները և խթանել գործնական կապերի ձևավորման գործընթացը:
Կենտրոնը նախատեսում է Հայաստանում, Ալբանիայում, Բոսնիայում, Բուլղարիայում, Սլովենիայում, Ռումինիայում, Սերբիայում, Կոսովոյում, Մակեդոնիայում, Մոնտենեգրոյում և Լեհաստանում տեղակայված իր բաժանմունքների միջոցով ապահովել 30-40 և Թուրքիայից նույնքան ձեռնարկատերերի մասնակցություն:
Համաժողովի ընթացքում կձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն հնարավորություններն ու մարտահրավերները, մասնավորապես ՏՀՏ-ի, էլեկտրոնիկայի, խորհրդատվական ծառայությունների, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում:









































