Դոնեցկի «Շախտյոր»-ի 23-ամյա բրազիլացի կիսապաշտպան Վիլլիանը չի պատրաստվում վերադառնալ Ուկրաինա: Պատճառը, որի համար «Շախտյոր»-ի առաջատարներից մեկը ցանկանում է մնալ Բրազիլիայում, այն է, որ նրա կինը փետրվարին պետք է աղջիկ ունենա: Վիլլիանը ցանկանում է կնոջ կողքին լինել ինչպես ծննդաբերության ժամանակ, այնպես էլ երեխայի կյանքի առաջին ամիսներին:
Այժմ Վիլլիանի ներկայացուցիչները փորձում են վեցամսյա վարձակալական պայմանագիր կնքել «Կորինտիանս»-ի հետ: Միաժամանակ «Շախտյոր»-ը չի պատրաստվում իր ֆուտբոլիստից բաժանվել անգամ ամենակարճ ժամանակահատվածով: Իսկ Վիլլիանի պայմանագիրը գործում է մինչև 2014 թվականի հունիս:
Հիշեցնենք, որ «հանքափորներ»-ն արդեն երկու անգամ գործ են ունեցել բրազիլացի-փախստականների հետ: Սկզբում ակումբն ինքնակամ լքեց Ֆրանսելինո Մատուզալմը, ապա` Իլսինիոն: Երկու խաղացողների գործով էլ «Շախտյոր»-ը հաղթանակ տարավ Միջազգային արբիտրաժային դատարանում:








































