Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարությունը ներկայացնում է ԵՀՄՖ-ի և Սլովակիայի hայ hամայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի Հայոց ցեղասպանության մերժման օրենքի հետ կապված վերլուծությունը:
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանության մերժման օրենքները վերջնականորեն ընդունվել են մինչ այսօր երկու երկրների` Շվեցարիայի և Սլովակիայի Ազգային [որհուրդների և մասամբ` Ֆրանսիայի Սենատի ստորին պալատի կողմից:
«Զարմանալիորեն Հայաստանում ասես արհամարhվում է Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից մերժման օրենքի գոյության փաստը:
Կրկնում ենք, որ Սլովակիայի Ազգային խորհուրդն 2008-2009 թթ. Արդարադատության նախկին նախարար Շտեֆան Հարաբինի ակտիվ գործողությունների, սլովակահայ լոբինգի և ՀՀ Արդարադատության նախարարության հետ խորհրդակցությունների արդյունքում հաստատեց օրենք` նախատեսելով Սլովակիայի տարածքում Հոլոքաուստի, ցեղասպանությունների, ռասիզմի, ֆաշիզմի մերժման դեպքում մինչև հինգ տարի ազատազրկում:
Ընդ որում` Ցեղասպանություն ասելով հասկացվում էր առաջին հերթին Հայոց ցեղասպանությունը, քանի որ Սլովակիայի Ազգային խորհուրդը 2004թ. ընդունել էր բանաձև հենց Հայոց ցեղասպանության շուրջ: Այս օրենքը գործողության մեջ էր դրվել 2009թ. սեպտեմբերից, ընդ որում, եվրոպահայ լոբիստական կազմակերպությունների հետ ունեցած հատուկ պայմանավորվածությամբ այս օրենքի մասին մենք բարձրաձայնեցինք Ֆրանսիայի Սենատում սպասվող քննարկումներից միայն մեկ ամիս առաջ:
Ավելին, ֆրանսահայ լոբիստների միջոցով, ինչպես նաև ուղիղ կապով Սլովակիայի օրենքի ձևակերպումները ուղղարկվել էին ֆրանսիական Սենատ:
Այսօր այս մասին ևս մեկ անգամ կարիք չէր լինի անդրադառնալու, եթե ես զարմանքով չնկատեի, որ ՀՀ ԱԳՆ-ը և ԶԼՄ-ները ոչ միայն չեն օգտագործում վերոհիշյալ փաստը, այլև բացառիկ անտարբերություն են ցուցաբերում:
Հատկապես անհասկանալի է Հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդման կողմից ներկայացված մանրակրկիտ վերլուծությունների մեջ Սլովակիայում ընդունված օրենքի հիշատակման բացակայությունը:
Ասեմ, որ օրենքի ընդունման ժամանակահատվածում թուրքերը փորձեցին անել ամեն ինչ` այն կասեցնելու համար: Սակայն այս անգամ առանց աղմուկ աղաղակի: Զարմանալիորեն այդ օրենքի շուրջ փորձեց աղմուկ բարձրացնել ոչ թե Թուրքիան, այլ Ադրբեջանը, բայց, հավանաբար, Թուրքիայից կարգադրություն ստանալով Ադրբեջանն անմիջապես լռեց:
Կարծես թե Թուրքիան ճիշտ քաղաքականություն էր որդեգրել լռության մատնելու Սլովակիայում ընդունած օրենքն` ելնելով այն բանից, որ նա ոչ մի լծակներ չունի Սլովակիային հակազդելու և «պատժելու» հարցում:
Ճիշտ է շատ վիճելի է, որ նա հաջողության կհասնի Ֆրանսիայի հետ հարաբերությունները փչացնելու ուղղով ընթանալու դեպքում: Այս մասին արդեն սկսել են խոսել թուրքական բարձրագույնն իշխանական ատյաններում, որոնցից կուզեի անդրադառնալ հատկապես Թուրքիայի պառլամենտի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության կենտրոնական կոմիտեի կարևոր դեմքերից Սուադ Կինիկլիօղլիի հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիայի Սենատի դեմ դեմարշի ճանապարհին Թուրքիան լիովին թաղում է հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու գործը:
Նշենք, որ անցյալ տարի Զալցբուրգի ԵՄ-Թուրքիա ֆորումի ժամանակ համոզված պնդում էր, որ հայ-թուրքական արձանագրությունները վավերացվելու են և մեր հետ երկխոսության ժամանակ նա ամբողջովին ընդունեց, որ այդ արձանագրություններն ավելի շատ ձեռնտու են Թուրքիայի համար քան Հայաստանի: Սա 2010թ. մայիսն էր և Կինիկլիօղլին արդեն կապում էր արձանագրության վավերացումը արցախյան հարցի հետ`նշելով նաև, որ խիստ կարևոր է ցեղասպանության շուրջ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը, որ ապագայում հայկական սփյուռքը իսպառ հրաժարվի Հայոց ցեղասպանության գաղափարից:
Ասենք, որ «արձանագրությունում» տեղ գտած ակնհայտ սխալների մասին մենք արդեն 2009թ. հոկտեբերի 2-ին զգուշացրել էինք ՀՀ նախագահին փարիզյան հանդիպման ժամանակ:
Հետագայում ժամանակն ապացուցեց, որ թուրքերը հարազատ մնացին իրենց ծրագրին. Արցախյան խնդիրը դարձավ թեմա Թուրքիայի համար, իսկ շատ երկրներ այդ թվում ԱՄՆ-ը մերժեցին ցեղասպանության ընդունումը` հայտարարելով, որ «չպետք է խանգարել թափով ընթացող բանակցություններին»:
Փառք աստծո, որ այս հարցերում Թուրքիան էական արդյունքներ չունեցավ. Հայաստանը թույլ չտվեց, որ Թուրքիան պաշտոնապես խառնվի արցախյան խնդրին, իսկ սփյուռքը տասնապատկեց իր ուժերը Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքների շուրջ` չեզոքացնելով «արձանագրություններում» թուրքերին ընձեռած ակնհայտ հնարավորություններն:
Հետագայում Թուրքիան թույլ տվեց ճակատագրական սխալ և չվավերացրեց «արձանագրությունները», դրանով լիովին ազատելով հայկական կողմին «արձանագրություններում» տեղ գտած սխալների պատասխանատվությունից:
Վերջերս վերոհիշյալ Սուադ Կինիկլիօղլին, դառնացած Թուրքիայի կողմից «արձանագրությունների» չվավերացման սխալ դիվանագիտությունից, կապված հայտարարել է, որ թուրքական կողմից «արձանագրությունները» չվավերացնելու մեղավորների անունները հայտնի են և անկասկած օրերից մի օր նրանք պատժվելու են:
Այսօր Թուրքիան կատարեց երկրորդ ճակատագրական սխալն` անօղոք պայքար սկսելով Ֆրանսիայի դեմ: Մեր համոզմամբ ԵՄ առաջատար երկրներից Ֆրանսիան անկասկած իր քայլը կատարելուց առաջ խորհրդակցել է հսկայական թուրք համայնք ուեցող հարևանի` Գերմանիայի հետ:
Եվ այս քայլով նախագահ Սարկոզին տուրք է տվել նաև ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի ցանկությանը` պատժիչ գործողություններ սկսելով Թուրքիայի դեմ: Հասկանալի է, որ թուրքառատ Գերմանիայի համար շատ ավելի դժվար է թուրքերի դեմ հանդես գալ, քան Ֆրանսիայի համար է: Ընդ որում Թուրքիայի մուտքն ԵՄ փակելով, Ֆրանսիան լուծում է ոչ միայն Գերմանիայի, այլ նաև իր համար կենսական կարևոր խնիրները` կապված Ֆրանսիայում օրավոր աճող մուսուլմանության հետ: Իսկ գլոբալ տեսանկյունից լուծվում է նաև ԵՄ-ի համար կենսական խնդիր` կապված Թուրքիայի ԵՄ անդամակցության հետ:
Այսպիսով, Ֆրանսիայի Սենատում քննարկված օրենքը մեծ հնարավորություն ունի հաստատվելու, եթե հայկական լոբինգը շարունակի իր աշխատանքները համատեղ, և եթե կայանա նաև ՀՀ ղեկավարության հետ միասին աշխատելու ֆենոմենը:
Օգտվելով ցեղասպանության 100-ամյակի վերջնագծին հասնելու պահի թույլ տված հնարավորություններից, կարծում ենք, որ ՀՀ ղեկավարությունը պետք է հետ կանչի «արձագրությունների» տակ դրված ստորագրությունը և ակտիվորեն մասնակցի Ֆրանսիայի Սենատում օրինագծի հաստատման համահայկական աշխատանքներին, ինչպես նաև միանա ԱՄՆ-ի Կոնգրեսում և այլուր Հայոց ցեղասպանության ընդունման շուրջ տարվող աշխատանքներին, որին ամբողջովին նվիրված են սփյուռքահայ լոբիստական կազմակերպությունները:
Այսօր եկել է այդ պահը և ԵՀՄՖ-ը ևս մեկ անգամ կոչ է անում միավորվել ցեղասպանության շուրջ տարվող աշխատանքների հարցում»,- նշված է ԵՀՄՖ-ի հաղորդագրության մեջ:









































