Վերջերս Թումո կենտոնում ՀՀԿ սեմինարում հրապարակվել է, որ, արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությամբ, արտահանման ծավալները 2020 թ. ծրագրվում է հասցնել 5 մլրդ դոլարի:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը տեղեկացրեց, որ դեռ 2007 թ. արտահանումը, ընթացիկ գներով, 1 մլրդ 700 մլն դոլար էր, 2010-ին դարձավ 1 մլրդ 10 մլն դոլար: Ընդ որում, ըստ նրա՝ կառավարությունը դոլարով թանկացումը չի հաշվում:
Հ. Բագրատյանի խոսքով, եթե ոչինչ չանես էլ, արտահանման գինը տարեցտարի 8%-ով բարձրանում է և 1 մլրդ 700-ը դառնալու էր 6.5 մլրդ: «8%-ի դեպքում 2015-ին 1 մլրդ 700-ը կդառնար 3.7 մլրդ, 2020-ին՝ 6 մլրդ: Իսկ հիմա Տիգրան Սարգսյանի ծրագրով ոչ թե 6 մլրդ, այլ 5 մլրդ կլինի: Տունը քանդվի գլխիդ: Ու նստած՝ էս ժողովուրդը լսում է էս մարդուն»,- ասաց Հ. Բագրատյանը:
Նա շեշտեց, որ ոչ մի հեռանկար չկա: Անցած տարի տնտեսության աճը զեկուցել են 2.6%, պարզվում է՝ 1% է, և դա նշված է ՀԲ կայքում, մինչդեռ աշխարհը 5% է աճել: Նախանցած տարի աշխարհն անկում ունեցավ 1%, ՀՀ-ն՝ 15%: Հ. Բագրատյանի կարծիքով՝ համաշխարհային ճգնաժամը Հայաստանի տնտեսական զարգացումների հետ կապ չունի:
«Կառավարության գործունեությունը սարսափելի մակարդակի է: Հիմա մի սուտ պետք է հորինեն, որ գնան ընտրությունների»,- հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը` խոստանալով, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո լուրջ փոփոխություններ են լինելու երկրում:
Անդրադառնալով շինարարության ոլորտին` Հ. Բագրատյանը հայտնեց, որ ՀՀ-ում տարեկան գրանցվել է 600 մլրդ դրամի շինարարություն, այդ պարագայում տեղական շինանյութի ծախսը պետք է լինի առնվազն 25%: Դա կազմում է 150 մլրդ, այսինքն՝ ոչ մետաղական հանքարդյունաբերության ծավալը պետք է լինի 150 մլրդ դրամ, սակայն պաշտոնական վիճակագրությամբ 45 մլրդ է, իսկ 105 մլրդ-ը ստվերում է: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կարող է՝ ցեմենտը ներկրել են, Հ. Բագրատյանը հակադարձեց. «Դրսից 1 պարկ ցեմենտ բերեք, կստիպեն ձեզ սահմանին ուտել: Հնարավոր չի դրսից ցեմենտ բերել»:









































