Կյանքի կամ առողջության համար վտանգավոր որևէ սննդամթերք արտադրելը մարդու իրավունքի ոտնահարում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և հավելեց, որ կաթնամթերք արտադրող տնտեսվարողների կողմից արգելված հավելանյութերի կիրառումն անբարեխիղճ քայլ է, ինչին պետական կառույցի արձագանքը շատ դրական է:
«Քայլերը համարժեք են, և համապատասխան մարմինը զբաղվել է: Դա սպառողի իրավունքի խախտում է, երեխայի առողջության իրավունքի խախտում է»,- ասաց Կ. Անդրեասյանը՝ հավելելով, որ դա շատ լուրջ հարց է:
Նրա խոսքով, եթե իսկապես վտանգավոր կամ անորակ ապրանքի մասին է խոսքը, ուղղակի պետական մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն, բայց ուշացած են այդ քայլերը, թե ոչ, այդ հարցը ՄԻՊ-ի լիազորությունների մեջ չի:
Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կաթնամթերք արտադրող 3 ընկերությունների՝ «Աշտարակ կաթ», «Անի կաթ» և «Դուստր Մարիաննա», տուգանել է կաթնամթերքում կոկոսի յուղ օգտագործելու համար:
Նշենք, որ տեխնիկական կանոնակարգով կաթնային մթերքի մեջ արգելվում է ոչ միայն կոկոսի յուղի օգտագործումը, այլև ոչ կաթնային հումքից պատրաստված ցանկացած այլ հավելանյութի օգտագործումը:









































