Մանչեսթրի ոստիկանությունը գտել է հարբեցողներին և խուլիգաններին նախազգուշացնելու մի միջոց, որով նրանց ցույց է տալու, թե որտեղ են անցկացնելու իրենց օրերը այն դեպքում, եթե նրանց ձերբակալեն ալկոհոլի ազդեցության տակ հասարակական կարգը խախտելիս:
Ինչպես հայտնում է QMI գործակալությունը, ձմեռային տոների նախաշեմին ոստիկանությունը ցուցադրել է «հյուրանոցների ցանցի» կայք` խմիչքի սիրահարների համար:
Drunken Disorderly Inn անվամբ «ցանցի» կայքում ասվում է, որ ոստիկանությունը սկսել է սենյակներ վարձակալել Սուրբ Ծնունդի և Նոր տարվա համար: Հաստատության «հյուրերին» տրամադրվելու է մեկտեղանոց խուց` «մինիմալիստական շքեղություն» ոճով, միկրովառարանում եփած ուտելիք:
Բացի այդ, ինչպես նշել են Drunken Disorderly Inn-ի հիմնադիրները, «հյուրանոցները» գտնվում են քաղաքի բարերից, ակումբներից, ինչպես նաև դատարաններից ոչ հեռու: «Ծառայությունների» արժեքը կախված է հարբած լինելու աստիճանից և թույլ տրված արարքի հետևանքներից:
Նվազագույն վճարը 80 ֆունտ սթեռլինգ է. այն նախատեսված է ոչ սթափ վիճակում հասարակական վայրում հայտնվելու համար:
Իրավապահ մարմինները խոստացել են, որ բոլոր նրանք, ովքեր տոնական օրերին կհայտնվեն այս «հյուրանոցում», անմոռանալի տպավորություններ կունենան:










































