Իսպանիայի գավաթի խաղարկության «Պոնֆերրադինա»-ի հետ խաղից հետո Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հակառակորդի մարզադաշտի հանդերձարանում մոռացել է 15 A4 ֆորմատի թուղթ, որոնց վրա եղել են մայրաքաղաքային թիմի բոլոր տակտիկական գաղտնիքները: Թիմի մամուլի ծառայությունը նշեց, որ Մոուրինյոն երբեք նման սխալ թույլ չէր տվել: Նա կգերադասեր ուտել սեփական գաղտնիքները պարունակող թղթերը, քան մոռանալ դրանք հակառակորդի հանդերձարանում:
Տորալինում, որտեղ «Ռեալ»-ը 0:2 հաշվով հաղթանակ տարավ, մադրիդյան թիմի հանդերձարանում մնացել են ոչ միայն Մոուրինյոյի տակտիկական սխեմաները, այլև ըմպելիքներ և պիցցայի կտորներ: Ցուցատախտակը, որի վրա նշված է եղել «Պոնֆերրադինա»-ի հիմնական կազմը, պարունակել է մեկ սխալ: A4 ֆորմատի թղթերի վրա գծված են եղել անկյունային հարվածի խաղարկման 4 տարբեակներ, տուգանային հարվածի իրացման 5 տարբերակներ, սեփական դարպասը պաշտպանելու և եզրային ճեղքումների տարբերակներ: Եղել է նաև կանաչ գույնի պաշտոնական թուղթ, որի վրա գրված է եղել միայն Ռոնալդուի անունը: Ամենայն հավանականությամբ այդ թղթի վրա նշվում են այն խաղացողների անունները, ովքեր պետք է փորձեն խուսափել քարտերից:
Ամենահետաքրքիրն անկյունային հարվածի խաղարկման տարբերակներն էին: Աջ եզրից այն պետք է իրացներ Կական, ձախից` Շահինը: Իգուաինը մեծ արագությամբ պետք է շարժվեր դեպի հեռավոր դարպասաձողը, իսկ Խեդիրան` ճնշում գործադրեր մրցակցի դարպասապահի վրա` խանգարելով վերջինիս: Ռոնալդուն, Վարանը և Ալբիոլը տեղ էին զբաղեցնելու տուգանային հրապարակի կենտրոնական հատվածում, իսկ Կալյեխոնը, Կական (Շահինը) պետք է փորձեին խլել գնդակը: «Ռեալ»-ի հակառակորդները պետք է անգիր սովորեն արժեքավոր նյութը, քանի որ պորտուգալացի մասնագետը նրանց նմանատիպ երկրորդ նվեր այլևս չի անի:








































