Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրաժարվել է The New York Times պարբերականի առաջարկից՝ վերջինիս էջերում սյունյակ գրել: The Jerusalem Post թերթի տրամադրության տակ է հայտնվել վարչապետի օգնական Ռոն Դերմերի՝ ամերիկյան պարբերականին ուղարկված նամակը:
Նամակում ասվում է, որ Նեթանյահուն «հարգանքով մերժում է» The New York Times-ի առաջարկը: Ընդ որում, փաստաթղթի հեղինակն ակնարկում է, որ վարչապետը «մինչև կոկորդը կուշտ է» Իսրայելի և նրա ղեկավարության նկատմամբ թերթի ծայրահեղական քաղաքականությունից: Մասնավորապես, նշվում է, որ Մերձավոր Արևելքի մասին վերջին 20 սյունյակներից 19-ում թերթը քննադատում է Իսրայելի իշխանությունների քաղաքականությունը:
Վերջին անգամ Իսրայիլին վրդովեցրել է սյունյակագիր Թոմաս Ֆրիդմանի դեկտեմբերի 13-ի գրառումը, որում հեղինակը հերթական անգամ քննադատում է Իսրայելի ներկա էլիտային և ԱՄՆ-ում նրա կողմնակիցներին: «Հույս ունեմ, Իսրայելի վարչապետ Բենամին Նեթանյահուն հասկանում է, որ Կոնգրեսում նրան հոտնկայս ծափահարել են ոչ իր իրական ձեռքբերումների համար: Ծափահարությունների մեծ մասը ձեռք է բերվել իսրայելական լոբբիի կողմից»,- գրել էր Ֆրիդմանը:
Դերմերի կարծիքով՝ նման բովանդակությամբ հոդվածները, որոնք պարբերաբար հայտնվում են թերթի էջերում, «աղավաղում են խաղաղ կարգավորմանն ուղղված մեր կառավարության դիրքորոշունը»:
Բացի այդ, Դերմերը մեղադրել է թերթին, որ այն թույլատրում է իր մյուս սյունյակագիրներին արաբա-իսրայելական հարաբերությունների պատմությունը նկարագրել հօգուտ պաղեստինցիների:
Նեթանյահուի օգնականի կարծիքով՝ The New York Times-ն ընդհանրաոես հեռու է օբյեկտիվությունից, քանի որ հնարավորություն չի տալիս արտահայտվել նրանց, ովքեր պաշտպանում են Իսրայելի գործող կառավարության դիրքորոշումը, իսկ եթե անգամ թույլատրում է, ապա դա լինում է շատ կարճ և մեծ ուշացումներով:
The New York Times-ը համարվում է աշխարհի ամենահեղինկավոր պարբերականներից մեկը:









































