Դեկտեմբերի 12-ին` ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է տացվել, որ ոտքերի հրազենային վերքերով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել վանաձորցի երեք տղամարդ՝ «Բեկոր» ՍՊԸ-ի տնօրեն, 36-ամյա Արսեն Գ-ն, 46-ամյա Մարտիրոս Ա-ն և 43-ամյա Գարիկ Մ-ն:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 23.45-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 1/Բ շենքի մոտ, դեռևս չպարզված հրազենից կրակ է արձակել այդ վայրում կայանված «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի մոտ կանգնած անձանց ուղղությամբ և պատճառել վնասվածքներ:
«Միցուբիշի Պաջեռո»-ն, կրակոցների հետքերով, տարվել է ոստիկանության Վանաձորի բաժնի տուգանային հրապարակ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 34-104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:









































