ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հանդիպել է Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի հետ: Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Օբաման լրագրողներին հայտնել է Իրաքում պատերզամի ավարտի մասին: Նրա խոսքերով՝ ԱՄՆ զորքերը Իրաքի տարածքից հեռանալու են մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, երկու երկրների առաջնորդները այցելել են Արլինգթոնյան ազգային գերեզմանատուն, որտեղ ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին:
Հիշեցնենք, որ Իրաքում պատերազմը սկսվել էր 2003 թվականին մարտին, երբ ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ստորաբաժանումները ներխուժեցին Իրաք` Սադամ Հուսեյնի վարչակարգը տապալելու նպատակով: Այդ խնդիրը նրանք շատ արագ իրականացրին. 2003 ապրիլի 9-ին կոալիցիոն զորքերը գրավեցին Բաղդադը: Այնուհետեև պատերազմը վերաճեց պարտիզանական պատերազմի, ամերիկյան զորքերի կորուստները շատացան, և իրավիճակը չլավացավ նույնիսկ 2006 թվականին Սադամ Հուսեյնի մահապատժից հետո:









































