Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է Free Nareg` «Ազատություն Նարեկ Հարթունյանին» էջը:
Էջի հեղինակները հայտարարում են, որ Facebook-յան այս էջը ստեղծվել է այն նպատակով, որ Նարեկ Հարթունյանին աջակցողներն ու նրա դեմ գործած անարդարության դեմ պայքարողները կարողանան փոխանակել իրենց ունեցած տեղեկությունները:
Հիշեցնենք, որ Նարեկ Հարթունյանը «Նարեկացի» արվեստի միության նախագահն է, ով երեկ առավոտյան բերման է ենթարկվել ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի քննչական բաժին: Վերջինիս մեղադրում են առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 25 մլն հարկեր պետբյուջե չվճարելու, այսինքն` հարկերից խուսափելու մեջ: Իսկ այսօր` կեսգիշերին մոտ, «Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանք:
«Ազատություն Նարեկ Հարթունյանին» էջի նախաձեռնողները հայտարարում են, որ մեկ օրվա ընթացքում նրան մեղադրել են, հարցաքննել և մեղավոր ճանաչել առանց պատշաճ ընթացակարգերի:
«Հայաստանի կոռումպացված իշխանավորները փորձում են վախի և անիրավ ազատազրկման միջոցով Նարեկին և նրա ընտանիքին զրկել գույքից և փողից: Ովքեր ճանաչում են Նարեկին կամ նրա անձնուրաց և կարևոր գործը, որը խրախուսում է արվեստը, ինչպես նաև աջակցում է երեխաներին և հաշմանդամներին Հայաստանում և Արցախում, բոլոր նրանց համար հեշտ է հասկանալ, թե ինչու է Հայաստանի իշխանությունների այս քայլը խայտառակություն»,- նշված է էջի հեղինակների հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Նարեկացի» արվեստի միություններ են գործում Երևանում ու Շուշիում:









































