Ավտոմոբիլային Toyota Motor ընկերությունն այս տարի ավտոշուկայում հավանաբար կկորցնի առաջատարի իր դիրքերը, քանի որ ավելի քան երկու անգամ իջեցրել է գործառնական շահույթի տարեկան կանխատեսումը` մինչև 200 միլիարդ յեն (2,6 միլիարդ դոլար):
Reuters գործակալության անցկացրած հարցումներով պարզվել է, որ ըստ վերլուծաբանների` տարվա ցուցանիշը կազմելու է 419 միլիարդ յեն: Նախապես Toyota-ն պլանավորում էր ստանալ 450 միլիարդ յեն գործառնական շահույթ:
Սպասումների կրճատման պատճառը յենի բարձր փոխարժեքն է և Թաիլանդի ջրհեղեղը, որը կազմալուծել է բաղադրիչների մատակարարումը:
Դիտորդները ենթադրում են, որ Toyota չի կարող թողարկել բավարար քանակությամբ մեքենա, նաև Ճապոնիայում մարտին տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով: Այդ պատճառով ընկերությունն իր առաջատար դիրքերը զիջելու է General Motors Co ընկերությանը, հավանաբար նաև՝ Volkswagen AG-ին:










































