Լրագրող Տաթև Դանիելյանը ”E” էլեկտրոնային ամսագրի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Կարդացի, որ Ստամբուլի «Ֆաթիհ» մզկիթում տեղի է ունեցել Աֆղանստան-Պակիստան սահմանին ԱՄՆ-ի կողմից սպանված «Թալիբան»-ի անդամ 18 թուրք ահաբեկիչների հոգեհանգստի արարողությունը։ Հավաքվածների ձեռքում Բեն Լադենի նկարով ցուցապաստառներ են, որոնց տակ գրված է. «Հեյ, նահատակ, քո ճանապարհը՝ մեր ճանապարհն է»։
Այս մարդիկ բացահայտ հերոս ունեն, ուզում են իրեն նմանվել, նրա արարքը հերոսություն են համարում, նրան էլ` հերոս: Վատ է իհարկե, որ բազմաթիվ երիտասարդներ ահաբեկիչ են ուզում դառնալ, ահաբեկչության միջոցով են ուզում իրենց խնդիրները լսելի դարձնել: Նույնչափ ցավալի է, որ հազարավոր ռուս երիտասարդների հերոսն էլ ազգայնամոլ սաբրագլուխներն են: Բայց մեզանում էլ հերոսի բացակայությունն ընդհանրապես` պակաս ցավալի չէ:
Երբեք չեմ եղել այն կարծիքին, որ ինչ-որ մեկին հերոսացնելը կամ հոտային մտածողությամբ ինչ-որ մեկին նմանվելու ցանկությունը լավ բան է ու կարող է օգուտ տալ մեկնումեկին: Բայց, եթե ոչ ամբողջ հասարակություններին, գոնե մարդկանց հեղինակություններ են պետք:
Երբ կրիմինալ սերիալներ սկսվեցին նկարվել, հերոսներ հայտնվեցին: Նրանք պրիմիտիվ էին, բացասական, աբսուրդի հասնող, աննորմալ, սակավամիտ, բայց նրանց սիրեցին, նրանք հեղինակություն համարվեցին: Համատեղ ուժերով դրա վերջը տրվեց. հանրային պահանջն ու հետաքրքրությունն էլ կարծես մարեց, բայց նոր ոչինչ չառաջարկվեց:
Գիտնականը մեզանում ծիծաղելի է համարվում, նրան լավ ծաղրել է ստացվում, բայց հերոսացնել չի լինի: Օրենքի պաշտպանը կոռումպացված է, եթե ուզես հերոս դարձնել իրականությունից կտրված ու անբնական է լինելու: Պատգամավորից հերոս կարելի է ստանալ, բայց նույն սերիալի պես` բացասական հերոսի են ձգելու միայն: Ռուսաստանի պես ազգայնական գտնենք, բայց մեզ պես մոնոէթնիկ հասարակությունում միևնույն է հեղինակություն չի դառնա: Թուրքերի օրինակով Նաիրի Հունանյանին հերոս դարձնենք, մի տեսակ դիսկոմֆորտ կլինի էս ողջ պատմությունից հետո: Քաղաքական հեղինակություններ կան, բայց դրանք խիստ անհատական, մի տեսակ անձնական օգտագործման են, համընդհանուր չեն էլի:
Հեղինակություն կարող է դառնալ մեկը, ով քեզ նման է, ում կուզես նմանվել, ով ճշմարիտ է իր դատողություններում: Երևի մեր հեղինակությունը պետք է ամեն ինչից դժգոհ լինի, միշտ բողոքի ու ցանկանա արտագաղթել, բայց չափազանց հայրենասեր լինելու պատճառով շարունակի մնալ ու չափազանց խելացի լինելու պատճառով շարունակի ոչինչ չնախաձեռնել:









































