Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան The National Review ամսագրում լույս է տեսել «Ի՞նչ են նշանակում Բաքվի նոր իրադարձությունները» խորագրով հոդվածը, որում խստորեն քննադատվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը.
«Ադրբեջանում իշխում է Ալիև ավագի և Ալիև կրտսերի պաշտամունքը։ Նրանց նկարներին Բաքվում կարելի է հանդիպել ամենուրեք, ինչպես որ Սիրիայի Բաշար Ասադի պարագայում է։ Ադրբեջանում կոռուպցիայի ու կաշառակերության հիմքերը դրվել են դեռևս խորհրդային ժամանակներում՝ Հելդար Ալիևի ղեկավարման ժամանակ։
Դրա վառ օրինակն Ադրբեջան այցելած ԽՍՀՄ տվյալ ժամանակվա ղեկավար Լեոնիդ Բրեժնևին արած նվերն էր։ Ալիևը հրապարակավ Բրեժնևին նվիրեց ադամանդե քարերով թանկարժեք մատանի։ Ապա Հեյդար Ալիևն Ադրբեջանում կարողացավ վերադառնալ իշխանության՝ ընտրությունների ժամանակ հավաքելով քվեների 98.8 տոկոսը։
Հետագայում նա իր իշխանությունը հանձնեց որդուն՝ Իլհամ Ալիևին։ Ադրբեջանի քաղաքական ռեժիմը շատ նման է մուսուլմանական այլ երկրների ռեժիմներին՝ Սադամ Հուսյնի, Հոսնի Մուբարաքի, Հաֆեզ Ասադի և Մուամար Քադաֆիի ռեժիմներին։ Այսօր Բաշար Ալ-Ասադն ու Հեյդար Ալիևն համառորեն փորձում են պահպանել իրենց հայրերից ժառանգած իշխանության օրինականության թվացյալությունը և կառչած մնալ դրանից։
Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գաղափարախոսը Ռամիզ Մեհտիևն է՝ կոմունիստական իշխանության ժամանակ քարոզչական դպրոցի ղեկավարը։ Ադրբեջանում խոսքի ազատությունը վտանգի մեջ է։ Ադրբեջանի բնական հարստությունները, նավթից ստացված շահույթը գտնվում են իշխող ընտանիքի և մի խումբ նախարարների ձեռքում։
Ադրբեջանում կաշառքը հանդիսանում է «օրինական» բիզնեսի ստեղծման հիմքը։ Առանց կաշառք տալու՝ Ադրբեջանում անհնար է բիզնեսի բացումն ու ընդլայնումը։ Ադրբեջանում նավթից ստացված շահույթն օգտագործում են ազատությունների ճնշման, բարեփոխումների ձգձգման, կոռուպցիայի և անարդարության արմատականացման համար։
Շատերն ասում են, որ այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել։ Շուտով «Արաբական գարունը» կամ նմանատիպ իրադարձությունները կհասնեն Կասպից ծովի ափերը։ Իլհամ Ալիևի սխալներն ու եսասիրությունը բավական են, որպեսզի հնացած բռնապետական ռեժիմն արագորեն ձախողվի»։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Բաքվի «Պոլիգոն» գործակալությունը հայտնեց, որ Ադրբեջանում ստեղծվել է վերլուծաբանների խումբ, որոնք մշակում են «2013 թվականի համար կառավարության բարեփոխման և երկրում հանդարտության ապահովման մեթոդներ».
«Երբ Սահմանադրությունում կատարվեցին փոփոխություններ, որոնք առնչվում էին անսահմանափակ քանակի նախագահական ժամկետներին, իրավիճակը կատարելապես այլ էր։ Այժմ արաբական աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տվել, որ բռնապետական ռեժիմներն այլևս կենսունակ չեն։ Իսկ դա նշանակում է, որ Իլհամ Ալիևի համար վտանգավոր է դառնում նախագահական պաշտոնում հերթական անգամ մնալը։
Այդ պատճառով էլ ակնկալվում է, որ նախագահական պաշտոնում նրան փոխարինելու է կինը՝ Մեհրիբան Ալիևան։ Սակայն վերջինս մինչ այդ պետք է նշանակվի Ադրբեջանի վարչապետ։ Ընդ որում, իշխանական «հին գվարդիան» ամբողջությամբ թարմացվելու է՝ Մեհրիբան Ալիևայի գլխավորությամբ։ Դա Ադրբեջանին հնարավորություն կընձեռի նոր էջ բացել Արևմուտքի հետ հարաբերություններում»։








































