Ռուսական Интерфакс գործակալությունը, վկայակոչելով իսրայելական The Jerusalem Post պարբերականին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտահոգ է Իրանի վերաբերյալ Իսրայելի պլանների անիրազեկվածությունից։
Այս կապակցությամբ ամերիկացի դեմոկրատ սենատոր, զինված ուժերի գծով ԱՄՆ Սենատի կոմիտեի նախագահ Կառլ Լևինը հայտարարել է. «Ես չեմ կարծում, թե Սպիտակ տունը տեղյակ է Իրանի նկատմամբ Իսրայելի ձեռնարկելիք քայլերից։ Ես վստահ չեմ, որ Իսրայելը կողմնորոշվել է իր պլաններում։ Իսրայելն այնպիսի մարտավարություն է ընտրել, երբ վատ տղաներին պահում են անորոշության մեջ։ Թող վատ տղաները կռահեն դա»։
Իսրայելական թերթն ընդգծում է, որ թեև Իսրայելն ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցներից մեկն է, այնուամենայնիվ, Սպիտակ տունը տեղյակ չէ Իրանին ռազմական հարված հասցնելու վերաբերյալ Իսրայելի մտադրություններից։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան հայտարարել էր, որ Իրանին ռազմական հարված հասցնելը կարող է անդառնալի տնտեսական վնաս պատճառել համայն աշխարհին և ունենալ անկանխատեսելի հետևանքներ։
Նա հավելել էր, որ Իրանին ռազմական հարված հասցնելը չի հանգեցնի այդ երկրի միջուկային ծրագրի փակմանը և միայն կարող է առավելագույնը 3 տարով հետաձգել նրա միջուկային ծրագիրը։









































