Բելգիայում մեկուկես տարի տևած ճգնաժամից հետո ձևավորվել է նոր կառավարություն: Ալբերտ 2-րդ թագավորը վարչապետ է նշանակել վալոնացի (ֆրանսալեզու) սոցիալիստ Էլիո դի Ռյուպոյին: Ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը, ֆինանսների նախարար է դառնալու Սթիվեն Վանաքերեն` այդ պաշտոնում փոխարինելով Դիդյե Ռեյնդերին, որը նախարարությունը գլխավորում էր 1999 թվականից: Ռեյնդերը իր հերթին գլխավորելու է ԱԳ նախարարությունը: Կառավարության ամբողջական ցուցակը տեղադրված է բելգիական թագավորության կայքում:
Դեկտեմբերի 6-ին տեղի է ունենալու նոր կառավարության երդման արարողությունը: Չորեքշաբթի այն Բելգիայի խորհրդարանին ներակացնելու է իր ծրագիրը, և անցկացվելու է վստահության քվեարկություն: Դրանից հետո Ռյուպոն կարող է այցելել ԵՄ գագաթնաժողով:
The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ նոր կառավարություն ձևավորած կոալիցիայի մեջ են մտել վեց կուսակցություններ:
Հիշեցնենք, որ Բելգիայում կառավարության ճգնաժամը սկսվել էր 2010 թվական հունիսին, երբ ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն կազմեցին ֆլամանդական անջատողականները` 27 տեղ: Սոցիալիստական կուսակցությունը, որի անդամ էր նաև դի Ռյուպոն, ստացել էր 26 տեղ:
«Դի Ռյուպոն առաջին վալոնացին էր, որ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում վերջին 30 տարվա ընթացքում և առաջին սոցիալիստը` 1974 թվականից ի վեր»,- նշում է BBC-ն:










































