Մայր աթոռի մամլո դիվանից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 4-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում սուրբ պատարագի ընթացքում տեղի է ունեցել քահանայական ձեռնադրություն և օծում` ձեռամբ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի:
Նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից առաջ, կատարվել է քահանայության պատրաստվողների ընծայման կարգը, որի ընթացքում սարկավագները վկայել են իրենց հավատքի ուղղափառությունը և հավատարմության ուխտ են կատարել Հայ առաքելական եկեղեցուն:
Դեկտեմբերի 4-ին Սրբազան հայրը սբ. մյուռոնով օծել է նրանց ճակատներն ու ձեռքերը` շնորհելով հոգևոր նոր անուններ՝Տիգրան սարկավագ Բաղումյանը վերակոչվել է Տ. Զաքարիա քահանա, Մհեր սարկավագ Եսայանը` Տ. Ենովք քահանա, Արթուր սարկավագ Սարգսյանը` Տ. Հուսիկ քահանա, Արթուր սարկավագ Շախվերդյանը` Տ. Ահարոն քահանա:
Իր քարոզում Նաթան սրբազանը մասնավորապես ասել է. «Քրիստոսի խաչը վերցրիք ձեր ուսերին, ուստի ձեր անձը դնելով մի կողմ` այսուհետ պիտի ապրեք միայն ձեր հավատավոր հոտի համար:
Պետք է ապրեք միայն Աստծո խոսքը տարածելու, մարդկանց հոգիները փրկության տանելու և իրենց հավատավոր հոտը քաջ հովվի պես հսկելու համար:
Դուք ստացաք քահանայության աստիճան, քահանայություն, որ մի ահեղ խորհուրդ է, որով մարդը դառնում է միջնորդ Աստծո և իր նման մարդու միջև: Սակայն այսպիսի օրհնությունն ու ընտրյալ լինելը քահանային ավելի մեծ պատասխանատվություն է տալիս, քան որևէ մեկին:
Ուստի մեր աղոթքն ենք առաքում առ Աստված, որպեսզի Երկնավոր Տերը մեր նորաօծ քահանաներին զորություն, ուժ և կարողություն պարգևի, որ իրենց հավատավոր ժողովրդի հոգիներից ներս մշտապես կարողանան հաստատուն պահել թե՛ հոգևոր, թե՛ մարմնավոր խաղաղությունը»։
Նույն օրը՝ երեկոյան ժամերգության ժամանակ, կատարվել է նաև վեղարի տվչության արարողություն:
Չորս նորընծաներից Տ. Զաքարիան և Տ.Ահարոնը վեղար ստացան` համալրելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը:
Իսկ այսօր նորաօծ հոգևորականներին ընդունել է Ամենայն հայոց հայրապետը:
Քառասնօրյա աղոթական շրջանից հետո նորընծա հոգևորականները ծառայության կկոչվեն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:










































