Press TV-ի փոխանցմամբ՝ Իրանը ներկայացրել է իր միջուկային ծրագրի հարցում միջազգային միջնորդ հանդիսացող «վեցյակի» (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա) հետ բանակցությունների վերսկսման առաջարկների նոր փաթեթ։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին։
Վերջինիս խոսքերով՝ յուրաքանչյուր բանակցություն պետք է տեղի ունենա այդ առաջարկների շրջանակներում. «Իրանը ներկայացրել է առաջարկների փաթեթ, որում հայտարարել է, որ պատրաստ է միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա բանակցությունների վերսկսմանը։ Իրանը երբեք չի նահանջի ահաբեկման, սպառնալիքների ու միջազգային ճնշման տակ։
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը պետք է համապատասխան տոն որդեգրի և պահպանի միջազգային նորմերը։ Օտար պետությունների հետ Իրանի ցանկացած փոխգործակցություն պետք է տեղի ունենա փոխադարձ հարգանքի ու ընդհանուր շահերի վրա»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էշթոնը նամակ էր հղել Իրանի ղեկավարությանը, որում նշել էր Իրանի հետ բանակցություններ վերսկսելու «վեցյակի» պատրաստակամության մասին։










































