Հայաստանի սպառողական շուկայի ցանկացած վերլուծություն ակնհայտ է դարձնում, որ չնայած ոլորտում ներդրվող ջանքերին ու կատարվող աշխատանքներին` այն դեռ շատ հեռու է բավարար լինելուց: Միակ դրական կողմն այն է, որ հասարակությունը տեղյակ է սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպություններից և շատ արագ արձագանքում է ներքին շուկայում կիրառվող խախտումներին: Վերջին 5-6 տարիների ընթացքում նման ՀԿ-ի է դիմել բնակչության մոտ 70 տոկոսը:
Ըստ մասնագետների `սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտը Հայաստանում արմատական բարեփոխման կարիք ունի: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Լուսինե Յակուբյանի հավաստմամբ` սպառողների իրավունքների հետ կապված մի շարք օրենքներում անհրաժեշտ է փոփոխություններ կատարել:
«Օրենքները գործում են, բայց չեն կիրառվում: ՀՀ սպառողների իրավունքների պաշտպանության օրենքի հոդված 23-ը, ըստ որի` սպառողն իրավունք ունի պատշաճ ապրանքը փոխել, անհրաժեշտ է դարձնել` վերադարձնել, քանի որ ոչ մի քաղաքակիրթ երկրում չի գործում օրենք, ըստ որի` խանութներում փակցված է` «գնված ապրանքը ետ չի ընդունվում»,- ասաց նա ու հավելեց, որ հազարավոր սպառողների բողոքներ վերաբերում են ոչ միայն անորակ ու ժամկետանց ապրանքներին ու սննդամթերքներին, այլև խնդիր ունեն գնված ապրանքը վերադարձնելու:
Լրագրողների այն հարցին, թե առաջացած խնդիրների հետ կապված ինչ պատժամիջոցներ են կիրառվում, Լուսինե Յակուբյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը չունի պատժամիջոցներ կիրառելու լիազորություններ: Ավելին` նա նշեց, որ ոլորտում առաջացած խնդիրներով պետք է զբաղվեն նաև առողջապահության նախարարությունն ու սննդի անվտանգության ծառայությունը:
«Դիտորդի կարգավիճակով պատժամիջոցներ կիրառելու համար մենք չունենք նման լծակներ: Մենք իրավունք ունենք միայն խնդիրների մասին բարձրաձայնելու, իսկ սննդի անվտանգության ծառայությունն ու առողջապահության նախարարությունը պետք է ավելի խիստ պատժամիջոցներ կիրառեն»,- ասաց նա:
Լ. Յակուբյանը տեղեկացրեց նաև, որ վերջին հետազոտությունները գների և պիտանելիության ժամկետների հետ կապված խախտումներ գրեթե չեն գրանցել:









































