Georgia Times-ի փոխանցմամբ, հայտնի է դարձել, որ վրացական պետությունը պետք է 30 միլիոն դոլարի փոխհատուցում վճարի երեկ նախագահ Սաակաշվիլիի համաներած իսրայելցի գործարար Ռոնի Ֆուքսին ու նրա հույն գործընկեր Իոնաս Կարդասոպոլուսին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության փոխնախարար Թինա Բուրջալիանին։
Վերջինիս խոսքերով, կողմերի միջև համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Լոնդոնի միջնորդ դատարանում. «Վրաստանը պետբյուջեից պետք է 110 միլիոն դոլար վճարեր իսրայելցի գործարարներին, սակայն մեզ հաջողվել է բանակցությունների միջոցով տնտեսել 80 միլիոն դոլար։ Էդուարդ Շևարդնաձեի նախագահության ժամանակ իսրայելցիներին հաջողվել էր Վրաստանում նավթի արդյունահանման իրավունք ստանալ, ինչը հակասում է Վրաստանի պետական շահերին»։
Հիշեցնենք, որ 1992 թվականին «Տրամեկս» ընկերության ղեկավար Ռոնի Ֆուքսը և նրա հույն գործընկեր Իոանիս Կարդասոպոլուսը Վրաստանի պետական նավթային ընկերության հետ գործարք էին կնքել՝ խողովակաշարի համատեղ կառուցման մասին։ Սակայն հետագայում Վրաստանը հրաժարվեց այդ նախագծից, ինչից հետո գործարարները դիմել էին դատարան։
Ներդրումային դատավեճերի կարգավորման միջազգային կենտրոնը վճռել էր, որ Վրաստանը պետք է վճարի 110 միլիոն դոլարի փոխհատուցում, սակայն Վրաստանը ցայժմ հրաժարվում էր դա անել։









































