ԱՄՆ Կոնգրեսը հայտարարել է բանակցությունների ձախողման մասին, ըստ որի՝ պետական բյուջեի սեկվետսերը կրճատվելու էր 1,2 տրիլիոն դոլարով:
ԱՄՆ Կոնգրեսի «սուպերկոմիտեի» համանախագահները, որոնք պետք է լուծումներ գտնեին ԱՄՆ պետական բյուջեն 1,2 տրիլիոն դոլարով կրճատելու հարցի վերաբերյալ, ընդունել են բանակցությունների ձախողումը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, «սուպերկոմիտեի» հայտարարության մեջ ասվում է, որ ամիսներ տևող դժվար աշխատանքներից հետո եկել են այն եզրակացության, որ պետական բյուջեի դեֆիցիտի կրճատման հարցի շուրջ համաձայնության գալն այս պահին անհնար է:
Նոյեմբերի 21-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտահերթ ելույթ է ունեցել «սուպերկոմիտեի» բանակցությունների ձախողման վերաբերյալ: Նա բանակցությունների ձախողման մեջ մեղադրել է հանրապետականներին:
«Սուպերկոմիտեի» կազմի մեջ մտնող հանրապետականները պնդում էին, որ այդ նպատակին հասնելու համար գլխավոր միջոցը առողջապահության ծախսերը կրճատելն է: Իսկ դեմոկրատներն իրենց հերթին պնդում էին, որ պետք է ավելացնել հարկերը, մասնավորապես՝ հարուստ ամերիկացիների վրա դրված հարկերը: Դրան ի պատասխան՝ հանրապետականները նշել են, որ եթե հարկերը բարձրացվեն, ապա պետք է մոռանալ երկրում նոր աշխատատեղերի ստեղծման մասին, որի հետևանքով էլ կաճի գործազրկությունը:









































