Գերմանիան և Մեծ Բրիտանիան դարձյալ չեն կարողացել համաձայնության գալ Եվրոպայի ապագային վերաբերող առանցքային հարցերի շուրջ: Բեռլինում երեկ տեղի ունեցած հանդիպումից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չեն կարողացել որևէ առաջընթացի վերաբերյալ հայտարարություն անել: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Փոխարենը Մերկելն առաջարկել է համաեվրոպական համաձայնության մեջ փոփոխություններ մտցնել, որպեսզի Բրյուսելը կարողանա միջամտել Եվրամիության երկրների բյուջետային քաղաքականությանը:
Նա նշել է, որ եվրոպական ինստիտուտները պետք է ավելի արդյունավետ գործիքներ ունենան` ստիպելու եվրոգոտու առանձին պետությունների իրականացնել ստանձնած պարտավորությունները: Միաժամանակ Մերկելն ընդգծել է միասնական Եվրոպայի կարևորությունը:
Իր հերթին Դևիդ Քեմերոնը խոստովանել է, որ կողմերին «իրոք չի հաջողվել համաձայնության գալ եվրոպական քաղաքականության բոլոր ասպեկտների շուրջ», սակայն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան նույնպես հետաքրքրված է ուժեղ Եվրոպայի և ուժեղ եվրոյի պահպանմամբ:
Հիշատակելով Գերմանիայի պահանջները ԵՄ-ում ֆինանսական տրանսակցիաների համար հարկ մտցնելու շուրջ` Քեմերոնը նշել է, որ Լոնդոնը կողմ է դրան միայն գլոբալ առումով, քանի որ եթե դա կիրառվի միայն ԵՄ շրջանակներում, ապա ֆինանսական ընկերությունները պարզապես կտեղափոխվեն այն երկրներ, որտեղ այդպիսի սահմանափակումներ չկան:









































