ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել studyinarmenia.org և amhe.am բուհական պորտալի շնորհանդեսը:
Պորտալը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների համար:
Անգլալեզու ինտերնետային կայքը ներկայացնում է համակողմանի տեղեկատվություն ՀՀ-ում գործող պետական, միջազգային և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, բոլոնիայի գործընթացով պայմանավորված բարեփոխումների մասին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում նշել է, որ բարձրագույն կրթության համակարգն օտարերկրյա քաղաքացիների համար առավել գրավիչ դարձնելը նախարարության գերակա խնդիրներից է:
«Արտասահմանցի ուսանողների ներգրավման ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ տարածքում առաջատար դիրքերում է: Եվ մենք այսօր մեր դիրքերը պահպանելուց բացի, հավակնում ենք մեր վրա վերցնել տարածաշրջանային բուհական կենտրոնի գործառույթները: Մեր բարձրագույն կրթական համակարգն արտերկրում քարոզելու և գովազդելու անհրաժեշտություն կա: Նոր պորտալը նպատակ ունի լրացնելու այդ բացը: Սա թույլ կտա, որ յուրաքանչյուր արտասահմանցի պոտենցիալ ուսանող այստեղ գտնի իրեն հետաքրքրող տեղեկությունը»,- նշել է Ա. Աշոտյանը:
Հայաստանում գործող բուհերը պորտալում ներկայացված են առանձին էջով, հղումներ կան դեպի բուհերի պաշտոնական կայքէջեր:
Պորտալը նաև առցանց դիմելու հնարավորություն է տալիս` օտարերկրացի ուսանողների համար ուսուցում կազմակերպող բոլոր բուհերը կարող են նաև առցանց ընդունելության դիմում-հայտեր ընդունել:
Բոլոր նրանք, ովքեր կցանկանան սովորել Հայաստանի բուհերում, համացանցով կարող են ուղարկել նախնական հայտ՝ արտահայտելով համապատասխան բուհում սովորելու ցանկություն և դիմումին կցելով պահանջվող փաստաթղթերը:
Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության նոր լոգոն՝ հայալեզու և անգլալեզու տարբերակներով։









































