«Դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն անդրադարձել է Վրաստանի համաձայնությանը` ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության հարցում,- հայտնում է Грузия Online-ը:
«Ռուսաստանը կդառնա Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ իր պահանջներով՝ ուղղված Վրաստանին, իսկ դրան համաձայել է վրացական կողմը: Ավանդական դարձած՝ վրացական իշխանությունների չմտածված և անհեռատես փորձերը՝ բանակցությունները քաղաքական սպեկուլյացիայի վերածել, ի սկզբանե դատապարտված էին ձախողման, և այդ առումով մենք հստակեցրել ենք մեր դիրքորոշումը»,- ասված է «Դեմոկրատական շարժման» տարածած հայտարարության մեջ:
Նրանց կարծիքով` վրաստանյան իշխանությունների ոչ ճիշտ չձևավորված դիրքորոշումը անխուսափելի դարձրեց միջազգային հանրության ճնշումը, և արդյունքում` «ինչպես նախկինում, Վրաստանը Ռուսաստանին սկուտեղի վրա մատուցեց ցանկալին, այս անգամ` ԱՀԿ-ին ՌԴ-ի անդամակցությունը»:
«Դեմոկրատական շարժման» անդամները կարծում են, որ նշյալ համաձայնագրով Վրաստանը` «զրոյական արդյունք» է ստացել. «Այժմ իշխանությունները փորձում են ընդունած համաձայնագիրը ներկայացնել՝ որպես արդյունավետ մի փաստաթուղթ, ինչպես 2008-ի պարտված պատերազմն էին հաղթանակած հայտարարում: Սաակաշվիլիի վարչակազմը չի թողել երկրի համար որևէ կարևոր լծակ: Բանակցությունների ընթացքը և այդ արդյունքը մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ Սաակաշվիլիի ռեժիմի համար առաջնահերթը պետական շահը և բնակչության բարեկեցությունը չեն, այլ իրենց պաշտոնների պահպանումն է»,- ասվում է հայտարարության մեջ: