«Կարեն Կարապետյանը «դրայվ» արեց, թողեց թռավ, էլի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման բառերով մեկնաբանեց Երևանի քաղաքապետի հրաժարականը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Հայաստանի ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը:
«Միաժամանակ, չեմ կարողանում հասկանալ` ինչո՞ւ նա հրաժարական ներկայացրեց: Միայն կարող եմ ասել, որ, ի պատիվ իրեն, Կարեն Կարապետյանն իրականացրեց երևանցիների առջև ծառացած ամենակարևոր խնդիրը` բացեց իր ռեստորանը, ճանապարհն ասֆալտապատեց, լույսերը քաշեց, էլ ուրիշ խնդիր չուներ, էլի: Այդքանը քի՞չ էր. Հալաբյանից մինչև իր ռեստորան այնպիսի ասֆալտ է գցել, որ Երևան-Սևան մայրուղին կնախանձեր»,- նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը:
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը: Կարապետյանն ասել է, որ տեղափոխվում է այլ աշխատանքի: Նա նաև որպես հրաժարականի պատճառ նշել է անձնական դրդապատճառները:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` մոտ ապագայում Կարապետյանը տեղափոխվելու է Ռուսաստան և բարձր պաշտոն է զբաղեցնելու «Գազպրոմ» ընկերությունում:









































