«Ազգ» օրաթերթի փոխանցմամբ, նոյեմբերի 3-ին ԱՄՆ Բելմոնտի (Մասաչուսեթս) հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի կենտրոնում Հարվարդ համալսարանի դասախոս, Մաշտոցի անվան մրցանակի արժանացած պրոֆեսոր Ջեյմս Ռասելը դասախոսություն է կարդալու «Հայ-եբրայական մի առեղծվածի կամ 1000 տարվա հնություն ունեցող մի հայկական տեքստի մասին», որը գտնվել է Կահիրեի հրեական սինագոգներից մեկում:
19-րդ դարի վերջերին ճանապարհորդ մի գիտաշխատող Կահիրեի հրեական սինագոգներից մեկի պահեստարանում պատահականորեն հայտնաբերում է բազմաթիվ միջնադարյան ձեռագրեր, նամակներ, գրքեր և փաստաթղթերՙ գրված եբրայերեն լեզվով, որոնց մեջ եղել է նաև հայկական մի բառացանկ իր եբրայերեն-արաբերեն թարգմանությամբ:
Թերթը հայտնում է, որ պրոֆեսորը բացահայտելու է, թե ինչ առիթով է գրված այդ բառացանկը, լույս սփռելով Մերձավոր Արևելքի մինչ այժմ անհայտ մի ժամանակաշրջանի վրա:








































