Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-ադրբեջանական հարաբերություններին և կրեմլյան տանդեմի առաջիկա փոփոխությանը.
«Կարծում եմ, որ Պուտինի նախագահ դառնալով՝ կշարունակվի նրա ադրբեջանական քաղաքականությունը։ 2003-2008 թվականներին, երբ Պուտինը նախագահ էր, մենք բազմիցս հանդիպել ենք նրա հետ։ Նա քանիցս այցելել է Բաքու, իսկ ես՝ Մոսկվա։ Ադրբեջանի հետ կապված Ռուսաստանի քաղաքականության հիմքը փաստացիորեն դրել է հենց Վլադիմիր Պուտինը։
Պուտինն Ադրբեջան այցելած Ռուսաստանի առաջին նախագահն է (2001)։ Պատկերացրեք, որ Ադրբեջանի անկախության ձեռք բերմանը հաջորդած 10 տարիների ընթացքում Ռուսաստանի նախագահը ոչ մի անգամ չի այցելել Ադրբեջան։
Այդպիսով, նախագահ Պուտինի ադրբեջանական այցը շրջադարձային կետ հանդիսացավ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Այդ պահից սկսած՝ հետագա 10 տարիների ընթացքում մենք շատ մեծ հաջողություններ ենք արձանագրել երկկողմանի հարաբերությունների զարգացման գործընթացում։ Խոսքը քաղաքական, տնտեսական, էներգետիկ ոլորտներում համագործակցության մասին է։
Մենք ստորագրել ենք նաև սահմանագծման համաձայնագիր։ Դա նաև պատմական փաստաթուղթ է։ Ես կարծում եմ, որ ներկայումս Ռուսաստանն ու Ադրբեջանը բարիդրացիական հարաբերությունների վառ օրինակ են։ Այդ քաղաքականության հիմքը դրվել է Վլադիմիր Պուտինի կողմից, իսկ նախագահ Մեդվեդևը շարունակել է այն։ Դրա համար էլ մենք վստահ ենք, որ այդ քաղաքականությունը շարունակվելու է»։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնել է 2000 թվականի մայիսի 7-ին և ուղիղ 8 տարի անց հրաժեշտ տվել դրան։ Հաջորդ տարի Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններում Պուտինը դարձյալ առաջադրելու է իր թեկնածությունը։









































