Այն, ինչ կատարվում է հայկական զինված ուժերում ներկայումս, երբ լուրը լուրի հետևից տեղեկանում ենք մահվան դեպքերի մասին, այն էլ` խաղաղ պայմաններում, կարելի է բնորոշել մի բառակապակցությամբ` սարսափելի մղձավանջ: Սակայն է՛լ ավելի սարսափելի է այն, ինչ կատարվում է հասարակությունում: Այսինքն` սարսափելի է այն, որ հասարակությունում, ըստ էության, ոչինչ էլ չի կատարվում:
Այսինքն` կան տարբեր խմբեր, տարբեր ակտիվիստներից կազմավորված նախաձեռնություններ, որոնք քաղաքացիական ակտիվություն են ցուցաբերում սոցիալական ցանցերում և դրանցից դուրս, բայց այդ ամենը շատ քիչ է, չափազանց քիչ է այն մեծ խնդրի համեմատ, որը վտանգում է բոլորիս որդիների կյանքը: Եթե որևէ նորմալ երկրի բանակում տեղի ունենային այդպիսի սպանություններ կամ այսպես կոչված` ինքնասպանություններ, ապա դժվար է պատկերացնել, թե հասարակական ինչպիսի մեծ ճնշում էր լինելու իշխանության վրա:
Հայաստանում հասարակությունը քնած է կամ արթուն է միայն խոհանոցում, որտեղ կդժգոհեն իշխանությունից, կդժգոհեն բանակի ղեկավարությունից, բայց երբեք դուրս չեն գա այդ դժգոհությունն իրապես արտահայտելու: Մինչդեռ տվյալ պարագայում խոսքը ոչ թե այս կամ այն քաղաքական ակցիա իրականացնող քաղաքական ուժին կամ խմբին սատարելու մասին է, այլ սեփական որդիների կյանքի անմիջական սպառնալիքի, ինչի վերածվել է հայկական բանակ կոչված կառույցը: Դրա համար պետք է այսօր զոհված զինծառայողների ծնողների կողքին իրենց ձայնը բարձրացնեին բոլոր այն մայրերն ու հայրերը, որոնց որդիները մեկ տարի, երկու տարի կամ թեկուզ տասը տարի հետո բանակ են գնալու:
Չէ՞ որ եթե այսօր ուրիշների որդիների կյանքը խլող բանակը չշտկվի, եթե պատասխանատվության հստակ կատեգորիաները չսահմանվեն ու չաշխատեն այդ բանակում, վաղը, Աստված մի արասցե, բայց այդ վտանգը չոքելու է արդեն անմիջապես իրենց և իրենց որդիների դիմաց: Մի՞թե Հայաստանի հասարակությունն անտարբեր է դարձել անգամ սեփական երեխաների կյանքի հանդեպ, մի՞թե անգամ այդ կյանքին սպառնացող վտանգը հանրությանը չի սթափեցնում և չի շարժում տեղից, կամ մի՞թե հանրության գիտակցությունն այնքան է աղավաղվել, որ մարդիկ առաջնորդվում են ոչ թե գիտակցությամբ` որ վտանգը վաղը իրենց է սպառնալու, այլ բնազդով` չեն շարժվում, մինչև անմիջականորեն իրենց մաշկի վրա չեն զգում այն:
Եվ թող տարօրինակ չթվա, բայց գուցե բանակում տեղի ունեցողից ավելի սարսափելի է այն, ինչ տեղի է ունենում հասարակությունում, կամ ինչն արդեն տեղի է ունեցել: Մի դուրս եկեք ընտրակեղծիքների դեմ, մի դուրս եկեք կոռուպցիայի և անիրավությունների դեմ, մնացեք տանն ու բողոքեք անարդարությունից, մարդիկ, բայց գոնե ձեր որդիների համար, նրանց կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար դուրս եկեք փողոց, որպեսզի սուգը չգա ձեր տուն:









































