Գերմանական Bild պարբերականը հրապարակել է իր վարկածով Եվրո 2012-ի ընտրական մրցաշարի խոհրդանշական հավաքականի կազմը։ Դրանում իր տեղն է գտել նաև Հայաստանի հավաքականի ու ռուսական «Կրասնոդար» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը։
Վերջինս Եվրո 2012-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի կազմում հանդես է եկել 9 խաղում՝ խփելով 4 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։ Հատկանշականն այն է, որ Մովսիսյանն այդ խորհրդանշական հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստներից միակն է, ում թիմը դուրս է մնացել Եվրո 2012-ի եզրափակիչ մրցաշարին մասնակցելու պայքարից։
Ստորև ներկայացվում է գերմանական պարբերականի վարկածով Եվրո 2012-ի ընտրական մրցաշարի խորհրդանշական հավաքականը, որն ունի 3-4-3 խաղային սխեմայի տեսք.
Դարպասապահ – գերմանացի Մանուել Նոյեր (10 խաղ, 7 բաց թողած գնդակ)
Պաշտպաններ – հույն Վասիլիս Թորոսիդիս (7 խաղ, 2 գոլ), ֆրանսիացի Ադիլ Ռամի (9 խաղ), իսպանացի Սերխիո Ռամոս (8 խաղ, 2 գոլ, 1 գոլային փոխանցում)
Կիսապաշտպաններ – պորտուգալացի Նանի (8 խաղ, 4 գոլ, 1 գոլային փոխանցում), էստոնացի Կոնստանտին Վասիլև (9 խաղ, 5 գոլ, 2 գոլային փոխանցում), գերմանացի Մեսութ Օզիլ (9 խաղ, 5 գոլ, 7 գոլային փոխանցում), շվեդ Սեբաստիան Լարսոն (10 խաղ, 3 գոլ, 6 գոլային փոխանցում)
Հարձակվողներ – հայ Յուրա Մովսիսյան (9 խաղ, 4 գոլ, 5 գոլային փոխանցում), հոլանդացի Կլաաս Յան Հունտելաար (8 խաղ, 12 գոլ, 2 գոլային փոխանցում), գերմանացի Միրոսլավ Կլոզե (6 խաղ, 9 գոլ, 1 գոլային փոխանցում)։








































