Ուկրաինական Analitika.at.ua կայքին տված հարցազրույցի ժամանակ «Քաղաքականություն» վերլուծական կենտրոնի միջազգային նախագծերի կոորդինատոր Օլեգ Սմիռնովն անդրադարձ է կատարել ոչ վաղ անցյալում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հարավկովկասյան այցին.
«Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Հարավային Կովկասի երկրներ կատարած շրջագայությունը բավական հստակորեն ուրվագծեց ԵՄ-ի առաջնահերթությունները՝ հերթական անգամ հաստատելով տարածաշրջանում սեփական դիրքերն ամրապնդելու ԵՄ-ի ձգտումը։
Կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում Եվրոպան փորձելու է օգտագործել Հայաստանը՝ որպես թուրքական էքսպանսիայի դեմ զսպիչ գործոն։ Դրա համար էլ կարելի է ակնկալել, որ ԵՄ-ն ուժեղացնելու է Թուրքիայի վրա ճնշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Խոսքը հայ-թուրքական սահմանի բացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է։
Եվրոպան նաև շահագրգռված է տարածաշրջանային նախագծերում Հայաստանի ինտեգրման մեջ, քանի որ դա կարող է հեշտացնել ԵՄ-ի հովանու ներքո գտնվող տարբեր տարանցիկ նախագծերի իրագործումը։
Բացի այդ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը մեռյալ կետից առաջ տանելու ուղղությամբ Մոսկվայի գործադրած շատ անարդյունավետ փորձերից հետո Բրյուսելն անկասկածորեն փորձելու է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։ Ուշագրավն այն է, որ Նիկոլա Սարկոզին հրաժարվեց աջակցել «Լեռնային Ղարաբաղի դիմաց ադրբեջանական նավթ և գազ» սխեմային աջակցելուց»։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի վերջին Ադրբեջանում հրապարակվող Новое Время թերթը գրել էր. «Այսօր կարելի է փաստել, որ «Ղարաբաղի դիմաց նավթ» բանաձևը չի տվել ակնկալվող արդյունքները։ Սխալ դուրս եկան այն հաշվարկները, թե «նավթային» դիվանագիտությունը և գլոբալ էներգետիկ նախագծերի իրագործումը կխթանեն Արևմուտքին՝ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում հետաքրքրություն ցուցաբերելու։
Այսօր Արևմուտքի համար ավելի կարևոր է ոչ այնքան ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որքան որ հակամարտող կողմերի ու հենց հակամարտության վերջնական աշխարհաքաղաքական «սեփականաշնորհումը»՝ այդ ամենը սեփական շահերին ծառայեցնելու համար»։









































