Ադրբեջանական Salam News գործակալությունը, վկայակոչելով PressTV-ն, հայտնում է, որ իրանական կողմը հերթական անգամ Թուրքիային զգուշացրել է սեփական տարածքում ՆԱՏՕ-ի ռադար տեղակայելու վերաբերյալ համաձայնագրի բացասական հետևանքների մասին։
Այս անգամ Իրանի զինված ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Մասուդ Ջազաերին հայտարարել է, որ Թուրքիան պետք է վերանայի իր երկարաժամկետ ռազմավարական շահերը և դաս քաղի երկու երկրների դառը պատմական փորձից.
«Թուրքիան պետք է ավելի շատ հենվի մուսուլմանական ազգերի ուժի ու ակտիվության վրա և իր վրա վերցնի տարածաշրջանի անվտանգությունն ապոհովողի դեր։ Թուրքիան իր տարածքում ՆԱՏՕ-ի ռադարի տեղակայումից հետո պետք է պատասխանատվություն կրի իսրայելական կառավարությանն ամբողջական աջակցություն ցուցաբերելու համար»։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ էլ Իրանի գերագույն առաջնորդի օգնական Սեիդ Յահյա Սեֆևին էր սպառնացել թուրքական իշխանություններին. «Թուրքիան սխալ քաղաքականություն է վարում Իրանի նկատմամբ։ Մենք կարծում ենք, որ Թուրքիան առաջ է շարժվում ԱՄՆ գծած ուղիով։
Եթե նա չփոխի դա, ապա ներքին ու արտաքին քաղաքականությունում խնդիրներ կունենա։
Թուրքիան մի շարք ռազմավարական սխալներ է գործել։ Դրանցից մեկը վերաբերում է Էրդողանին, որը Եգիպտոսին խորհուրդ տվեց երկրում պահպանել աշխարհիկ ռեժիմի ղեկավարումը։ Երկրորդ սխալը Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռադարի տեղակայումն է, ինչը նշանակում է, որ դրանով Անկարան ուղերձներ է հղում Ռուսաստանին և Իրանին։ Երրորդ սխալը սիոնիստների և ԱՄՆ ճնշման ներքո Սիրիայում լարվածություն ստեղծելն է։ Այս գործողությունները հակասում են Թուրքիայի կարգախոսներին և ցույց տալիս, որ նա երկակի քաղաքականություն է վարում»։









































