Այսօր Առաջին լրատվականի ծննդյան օրն է: «Առաջինը» դարձավ մեկ տարեկան: Ըստ էության, շատ փոքր ժամանակ ինչ-որ զգալի և նշանակալի արդյունքներ ամփոփելու համար, բայց նաև շատ տևական մի ժամանակամիջոց ինֆորմացիայի անսահմանության, արագության և ամենահասության դարում: Եվ իր ծննդյան առաջին տարեդարձին «Առաջինը», թերևս, կարող է ասել, որ համենայն դեպս անզվորեն ու անկեղծորեն, իր համառ աշխատանքի և ջանքի շնորհիվ փորձել է համարժեք լինել ինֆորմացիոն դարի որակին, տեմպին և պահանջներին:
Թե որքանով է դա մեզ մոտ ստացվել, որքանով է մեր ջանքը և փորձը եղել արդյունավետ, գնահատել, գնահատում է և կգնահատի ընթերցողը: Բայց մենք աներկբա ու վստահ կարող ենք ասել ընթերցողին, որ եղել ենք, և հետագա տարիներին էլ նրա հետ լինելու ենք ազնիվ ու անկեղծ: Ի վերջո Հայաստանի կյանքում երևի թե դրանք երկու կարևոր բաղադրիչներից են, որ պակասում են մեզ մրցունակ և արդիական հասարակությոն, հասարակարգ և պետություն կառուցելու համար: Դրանից թերևս պետք է սկսի ցանկացած աշխատանք, ցանկացած ոլորտում, որպեսզի հասնի արդյունավետության:
Ազնվությունն ու անկեղծությունն է, որ երբեք շատ չի կարող լինել մեդիաոլորտում` ընդհանրապես, և Հայաստանի հագեցած ու բազմազան մեդիադաշտում` մասնավորապես: Եվ մենք հենց այդ նկատառումով, անկեղծ ու ազնիվ խոսք ասելու մղումով մտանք այդ բազմազան ու հագեցած դաշտ, վստահ լինելով, որ այդպիսի խոսքը երբեք շատ չէ, երբեք ավելորդ չէ, եթե չասենք, որ Հայաստանի դեպքում թերևս նույնիսկ քիչ է: Մեր հետագա գործունեության ընթացքում էլ առաջնորդվելու ենք նույն` ընթերցողի հետ ազնիվ ու անկեղծ լինելու սկզբունքով, վստահ լինելով, որ յուրաքանչյուրս մեր տեղում, մեր գործով հենց այդ չափանիշներով առաջնորդվելով է, միմյանց հանդեպ ազնիվ ու անկեղծ լինելով է, որ կարող է օգտակար լինել հասարակությանն ու պետությանը:
1in.am «Առաջին լրատվական»-ն այսուհետ ևս կառաջնորդվի այդ սկզբունքներով` ընթերցողին ներկայացնելով ազնիվ տեղեկատվություն և անկեղծ վերլուծական ու հրապարակախոսական հոդվածներ` փորձելով այդ հարթության վրա բերել մեր կյանքի խնդիրները, ծավալել քննարկումներ դրանց շուրջ և նպաստել դրանց լուծման բանալիները գտնելուն:
Միևնույն ժամանակ շնորհակալություն ենք հայտնում մեր ըներցողին, որ առաջին տարվա ընթացքում գնահատելով «Առաջինի» աշխատանքը և ջանքը, եղավ մեզ հետ, աջակցեց, ոգևորեց մեզ: Կանենք ամեն ինչ` հետագայում ևս ընթերցողի սպասումն արդարացնելու, ընթերցողի պահանջը բավարարելու համար` ակնկալելով, որ մեր ընթերցողները կմնան մեզ հետ, ու նրանց կավելանան նաև նորերը:
Ի վերջո, մենք աշխատում ենք Ձեզ համար:
Սիրով՝ «Առաջին լրատվական»









































