Այսօր ՀԱԿ հանրահավաքը կարճ է լինելու և Ազատության հրապարակում հավաքվածները հետևելու են Հայաստան-Մակեդոնիա հանդիպմանը: Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքում այս մասին ասաց «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Երևան կատարած այցի կապակցությամբ առավոտյան հրահանգավորված բազմաթիվ երիտասարդներ են բերվել Ազատության հրապարակ, սակայն նույն այդ հրահանգավորված երիտասարդները հաճույքով պարել են ՀԱԿ համախոհների հետ:
«Մենք նրանց հետ եղբայրաբար բաժանվեցինք, նրանք այստեղ եկել էին հրահանգավորված, այստեղից հեռացան ազատագրված: Այս իշխանությունն ամեն անգամ որոշում է քաղաքացիներին տեղից տեղ քշել: Իշխանություններն ուզում են, որ քաղաքացին նախաձեռնող և հավատարիմ լինի միայն այն ժամանակ, երբ նրան հրահանգում են: Սակայն բարոյական լինելու համար մարդը պիտի հետևի իր սրտի, խղճի և հոգու հրահանգին: Այստեղ մարդիկ ամեն օր հավաքվում են իրենց հոգու հրահանգով, և այդ հրահանգն ի վերջո հաղթանակելու է»,- ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ 2008 թվականին այն ժամանակվա ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը և նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքից բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների ազատեցին՝ միայն այն պատճառով, որ վերջիններս դատապարտեցին նրանց գործողությունները (հեռացվածների թվում Փաշինյանը հիշատակեց ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանի, Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանի, Ուկրաինայում Հայաստանի դեսպանորդ Ռազմիկ Խումարյանի, ԱԳՆ այն ժամանակվա խոսնակ Վլադիմիր Կարապետյանի, նախարարի խորհրդական Առաքել Սեմիրջյանի անունները):
«Հիմա էլ Հայաստանի Հանրապետությանը մաֆիոզության մեջ մեղադրում է Շառլ Ազնավուրը, տեսնեմ նրան ո՞նց եք ազատում: Դե, Սերժ Սարգսյան, ասա, որ Ազնավուրը չի տիրապետում իրավիճակին և իրավունք չունի Հայաստանի մասին նման բաներ ասելու: Էդ մաֆիոզները սաշիկներն ու միշիկներն են: Հարգելի Ազնավուր, նրանք այսօր երեկոյան սեղանի շուրջ են նստելու քեզ հետ, հաց մի կեր էդ քրդի շների հետ»,- կոչ արեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նկատեց, որ քաղաքացիական կեցվածքի համար պետք է և արժե բուռն ծափահարել Շառլ Ազնավուրին: Նա պատմեց նաև, որ երեկ իրեն է մոտեցել մի գործարար և իր զորակցությունը հայտնել ՀԱԿ-ին: «Նրա վրայից ալկոհոլի հոտ էր գալիս, ասեցի՝ եղբայր, լավ է գնաս, ասաց` ձեզ համար եմ խմել, որ դուխավորվեմ ու գամ այստեղ, քո ձեռքը սեղմեմ: Ես գրկեցի այդ մարդուն: Մենք դուխ կտանք վախեցածներին, մենք կկազմաքանդենք այս ավազակապետությունը: Բոլոր վախեցածներին ասում եմ, մի՛ վախեցեք, մենք ձեր կողքին ենք, մենք թույլ չենք տա, որ սերժիկական-սաշիկական կլանը ձեզ հաղթի: Մենք հանուն այդ նպատակի կպայքարենք մինչև վերջ, մինչև անշրջելի հաղթանակ»,- եզրափակեց Փաշինյանը:








































