«Ժողովուրդ»-ը Աժ հասարակայնության հետ կապերի վարչությանն ուղղված նամակով խնդրել է ներկայացնել 2011 թվականի ընթացքում պատգամավորական գործուղումների ցանկը:
«Դրա ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ մոտ մեկ տասնյակ պատգամավորներ՝ հիմնականում տարբեր պատվիրակությունների ղեկավարներն ու անդամները, անցած 11 ամիսների ընթացքում գրեթե այդքան անգամ գործուղվել են արտերկիր: Աժ ամենաշատ շրջագայած պատգամավորներն են՝ Դավիթ Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանը, Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը և այլք»,- գրում է թերթը և հավելում.
«Նշենք, որ եվրոպական որևէ երկիր մեկնելու մեկ ուղղության համար ՀՀ պետբյուջեից որպես ճանապարհածախս՝ օրապահիկ-գիշերավարձով միջինը մոտ 3 հազար եվրո է դուրս գրվում: Բայց պատգամավորները շարունակում են դժգոհել, որ նախարարները կառավարության հաշվին արտերկրում ավելի ճոխ են ապրում, և պահանջում են ավելացնել իրենց օրապահիկները»:









































