Գյումրիի «Ֆոտոն» լիցեի թիմը կմասնակցի օգոստոսի 2-7-ը Վաշինգտոնի Եպիսկոպալ միջին դպրոցում անցկացվելիք դպրոցականների շախմատի աշխարհի թիմային առաջնությանը: Ակնկալվում է, որ մրցաշարին կմասնակցեն 47 երկրների ներկայացուցիչներ:
Ստուգատեսին ներկայանալու են մասնակից երկրների շախմատի ազգային ֆեդերացիաների առաջադրված դպրոցների թիմերն աշխարհի տարբեր կրթական հաստատություններից: Թիմերի կազմում հանդես են գալու տարբեր տարիքի 4-ական խաղացող, իսկ հայտում ընդգրկված են լինելու նաև պահեստային մեկ շախմատիստ և մարզիչը:
Առաջնությունն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, խաղացվելու է 8 տուր՝ օրական երկուսը: Պարտիայի անցկացման համար հատկացվելու է 45 րոպե, սակայն մրցակիցների խաղաժամանակին 10-ական վայրկյան է ավելացվելու կատարած յուրաքանչյուր քայլից հետո:
Մրցախաղերին զուգահեռ ՖԻԴԵ-ն անցկացնելու է Smart Moves համաշխարհային համաժողովը՝ նվիրված կրթությանը շախմատի նպաստելուն։ Մասնակցելու են կրթության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտների առաջատար գործիչներ:
Այս մրցաշարը ՖԻԴԵ-ի՝ դպրոցներում շախմատի զարգացմանը և աշխարհի երիտասարդ տաղանդների միավորմանը միտված երկարաժամկետ ծրագրի բաղադրիչներից է: Նախորդ առաջնությունը երկու տարի առաջ անցկացվել է Ղազախստանում:
Առաջնության կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) և Շախմատի միջազգային դպրոցական ֆեդերացիան (ISCF):







































