Տեղի է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Ըստ ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության՝ Իրանի և նրա վստահված անձանց կողմից տարածաշրջանային անվտանգության և կայունության համար սպառնացող վտանգները:
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Ռուբիոն և Ֆիդանը կարևորել են նաև հակաահաբեկչական համագործակցությունն և ՆԱՏՕ-ի ուժեղացումը։ Հեռախոսազրույցը հաջորդում է Օմանում իրանա-ամերիկյան բանակցությանը, որի երկրորդ ռաունդը սպասվում է ընթացիկ շաբաթավերջին: Նախնական տեղեկությամբ՝ հանդիպումը կլինի Իտալիայում: Ամերիկա-իրանյան բանակցության առնչությամբ կան դրական ազդակներ, ինչը Անկարայի համար, թերևս, ունի հարաբերական նշանակություն:
Մի կողմից, եթե Իրանն ու ԱՄՆ գան համաձայնության, դա կարող է բարձրացնել Իրանի ռեգիոնալ դերն ու կարողությունները, ինչը սահմանափակող նշանակություն կունենա Անկարայի հավակնությունների համար: Մյուս կողմից, Իրանի հետ բանակցությունը, անշուշտ, ենթադրելու է որոշակի տևական գործընթաց: Այսինքն՝ խոսքը, թերևս, վերաբերելու է ամիսների, եթե ոչ ավելի: Այդ պարագայում, ԱՄՆ Թուրքիան կարող է դիտարկել որպես իր բանակցային խաղաքարտերի «տրցակի» կարևոր խաղաթղթերից մեկը:
Անկասկած է, որ ինչքան էլ Թեհրանն ու Վաշինգտոնը գոհ լինեն բանակցության մեկնարկից և տրամադրված լինեն համաձայնության, միևնույն է նրանք անցնելու են իրենց շահերի պաշտպանության և առաջմղման բավականին կոշտ շրջափուլով, հետևաբար յուրաքանչյուրը փորձելու է օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները՝ այդ խնդիրները լուծելու, սեփական շահերն ու մոտեցումները պաշտպանելու համար:
Թուրքիան ԱՄՆ ձեռքի տակ եղած խաղաքարտ է, և դրա մասին էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռեվերանսը Էրդողանի հասցեին, երբ Թրամփը Սպիտակ տանը ընդունում էր Նաթանյահուին և հայտարարում, որ կարող է օգնել հաղթահարել թուրք-իսրայելական լարվածությունը, եթե Իսրայելը իրեն դրսևորի գիտակից: Եթե Դոնալդ Թրամփը Իսրայելին է ակնարկում այն մասին, որ կարող է «զսպել» կամ «բաց թողնել» Թուրքիային, ապա պատկերացնելի է, որ Իրանի առումով դա անելը չի կաշկանդի Վաշինգտոնին: Մյուս կողմից, սակայն, Թուրքիան խաղաքարտ է, բայց թերևս ոչ «խամաճիկ», հետևաբար Անկարան այստեղ էլ կփորձի իր սիրած զբաղմունքը՝ սակարկությունը: Հատկանշական է, որ Ռուբիոյի հետ հեռախոսազրույցից բացի, Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել նաև Իրանի ԱԳ նախարարի հետ:









































