Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ անդրադարձ կատարելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Որպես իր տարածքների «օկուպացումից» և իր հարյուր հազարավոր քաղաքացիներից «բռնագաղթումից» տուժած երկիր՝ Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենաշահագրգիռ կողմն է։ Ադրբեջանի դիրքորոշումը քաջ հայտնի է միջազգային հանրությանը, այն հենված է միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների ամուր պահպանման վրա։
Տվյալ սկզբունքների համաձայն՝ անթույլատրելի է համարվում ուժի միջոցով տարածքի յուրացումը։ Գրեթե երկու տասնամյակների ընթացքում Ադրբեջանը բախվում է Հայաստանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի այլ փաստաթղթերի «կոպիտ ոտնահարումներին»։ Հայաստանն «ագրեսիա է իրականացրել» Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ։
Այդ «ագրեսիայի» արդյունքում Ադրբեջանի տարածքի «գրեթե 20 տոկոսը» շարունակում է մնալ օկուպացման տակ և «մոտ 1 միլիոն» ադրբեջանցի փախստականներ ու ներքին տեղահանվածներ չեն կարողանում վերադառնալ իրենց տները»։









































