Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի գլխավոր հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսն անակնկալ այցով ժամանել է Անկարա։ Ստավրիդիսն այցելելու է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբ և հանդիպելու է գլխավոր շտաբի պետ, գեներալ Նեջդեթ Օզելի հետ։
Դրանից հետո Ստավրիդիսը հանդիպում է ունենալու պաշտպանության նախարար Իսմեդթ Յըլմազի հետ, ապա այցելելու է վարչապետական ապարատ։
Նշվում է, որ այդ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկելու են թուրք-իսրայելական լարված հարաբերությունները և Միջերկրական ծովի արևելյան հատվածում Կիպրոսի, ինչպես նաև Հունաստանի հետ ստեղծված լարված իրավիճակը։
Բացի այդ, քննարկվելու է Բրյուսելի ՆԱՏՕ-ի շտաբ-կայանում Իսրայելի ներկայացուցչության բացման հարցը, որի վրա Թուրքիան սպառնում է վետո դնել, ինչպես նաև հետախուզական ոլորտում համագործակցելու հարցը։
Հիշեցնենք, որ Ստավրիդիսը Թուրքիա է ժամանել Իսրայելից, ուր իսրայելական կողմի հետ քննարկել է գրեթե նույն խնդիրները։