«Ահմատ» հատուկ նշանակության զորախումբը Խարկովի մարզի Ստրելեչյա գյուղի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի դեմ հաջող մարտեր է մղում: Այդ մասին թելեգրամյան գրառում է կատարել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, փոխանցում է Ռուսաստանի ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը: «Մեր քաջերը հակառակորդի դիրքերի դեմ հաջող աշխատում են: Ոչնչացվել է ստորերկրյա ռազմակոմպլեկտ, պարբերաբար ոչնչացվում է հակառակորդի կենդանի ուժը»,- գրել է Կադիրովը:
Անցյալ շաբաթ ռուսական թելեգրամ ալիքները տարածել էին «Ահմատ» զորախմբի ֆորմալ հրամանատար, ՌԴ ՊՆ անձնակազմի հետ աշխատանքների գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ գեներալ-մայոր Ապտի Ալաուդինովի հայտարարությունը, որ չեչեն մարտիկները հրաժարվում են Կուրսկի մարզում ուս ուսի կռվել հյուսիսկորեացի զինվորների հետ, քանի որ նրանք անհավատ աթեիստներ են:
Երևում է, Ալաուդինովի վերջնագիրը հարգվել է, չեչենական «Ահմատը» Կուրսկի մարզից տեղափոխվել է ռազմաճակատի Խարկովի ուղղության հատված, որտեղ նրանք ուկրաինական ուժերի դեմ հաջող մարտեր են մղում: Որքանո՞վ է ստույգ այդ տեղեկատվությունը, կարևոր չէ: Էական է, որ «Ահմատի» ռազմական հաջողությունների մասին ՏԱՍՍ-ը տարածում է ոչ ՌԴ ՊՆ, այլ Չեչնիայի ղեկավար Կադիրովի հաղորդումը:
Տպավորություն է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում չեչենական «Ահմատը» սեփական խնդիրն ունի, հետամուտ է դրա լուծմանը, և այդ քարոզչության հանդեպ պաշտոնական Մոսկվան միանգամայն լոյալ վերաբերմունք ունի: Պուտինի գերխնդիրը, ամենայն հավանականությամբ, մեկն է՝ բոլոր միջոցներով հասնել Կիևի կապիտուլյացիային: «Հակառակ դեպքում ոչ ոք նրան չի ների, երկրում կտիրի քաոս, որ կբերի պետականության փլուզման, տարածքային կորուստների և պատմական աննախադեպ նվաստացման»,- կարծիք է հայտնել պետական դումայի նախկին պատգամավոր Ալսկնիսը:
Այս համատեքստում ՌԻԱ-Նովստին տեղեկություն է տարածել, որ պետդումայի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել նախաձեռնությամբ և առաջարկում են ՌԴ տարածքում ծայրահեղական ճանաչված և արգելված կազմակերպությունների ցանկից ժամանակավորապես հանել աֆղանական «Թալիբան» խմբավորումը: Թալիբներն Աֆղանստանում իշխանությանը վերատիրացել են ԱՄՆ գլխավորած կոալիցիոն զորքերի հեռացմանը զուգահեռ, գրեթե առանց դիմադրության: Ռուսաստանն այն հազվագյուտ երկրներից է, որ իշխանափոխության շրջանում Քաբուլից իր դեսպանատունը չի էվակուացրել: Անցած տարիներին Մոսկվան «Թալիբանի» փաստացի իշխանության հետ կապեր է պահպանել, տեղի են ունեցել փոխայցելություններ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի գնահատմամբ՝ «Թալիբանի» իշխանությունը «միանգամայն մեղսունակ է»: Դա նշանակում է, որ Ռուսաստանը համագործակցության հնարավորություն տեսնում է կամ արդեն իսկ այնպիսի կապեր են ձևավորվում, որոնց մասին կողմերը գերադասում են չբարձրաձայնել:
«Թալիբների» հետ փաստացի հարաբերություններ այլ երկրներ էլ ունեն: Այդ կազմակերպության նկատմամբ իրավական գնահատականի վերանայումն էլ, գուցե, տրամաբանական է, բայց պետդումայի պատգամավոր Էռնեստ Վալեևի հավաստիացումը, որ «Թալիբանին» հետագայում կարող են անդամակցել նաև ՌԴ քաղաքացիներ, չափազանց արտառոց է:
«Թալիբանը» ծայրահեղ իսլամիստական կազմակերպություն է, որ եթե Ռուսաստանում իր տարածքային կառույցներն ստեղծի, ապա կստացվի, որ սահմանադրական կարգով աշխարհիկ պետության ներսում ստեղծվում է թեոկրատիկ կառույց: Ուկրաինայի դեմ պատերազմում հաղթելու համար, իհարկե, Վլադիմիր Պուտինը պատրաստ է «թեկուզ սատանայի հետ համագործակցել»: Բայց ի՞նչ է առաջանում մայր Ռուսիան, եթե այդ հաղթանակը նրան կարող է «Թալիբանի» գերիշխանություն արժենալ:










































