Նիկոլ Փաշինյանը, որ նոյեմբերի 18-ին այց է կատարել Վատիկան, Սուրբ Աթոռում հանդիպել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի հետ: Ինչպես հայտնում է կառավարության հաղորդագրությունը, Նիկոլ Փաշինյանը Ֆրանցիսկոս Պապին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան գործընթացը և վերահաստատել Հայաստանի կառավարության հավատարմությունը Խաղաղության օրակարգին։ Նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանուն խաղաղության իր բաժին ներդրումն ունենալու հարցում վճռական է»:
Միաժամանակ, ինչը, թերևս, հաղորդագրության ամենից էական քաղաքական տարրն է, Նիկոլ Փաշինյանը ընդգծել է Հայաստանի լիակատար աջակցությունը Սուրբ Աթոռին՝ միջազգային հարթակներում խաղաղության օրակարգի սպասարկման և այս ուղղությամբ համատեղ հանդես գալու և գործելու հարցում: Այդպիսով, Երևանը փաստորեն լիակատար աջակցություն է հայտնում Վատիկանի «աշխարհաքաղաքականությանը»: Սա մի կողմից իր մեջ չի պարունակում որևէ արտառոց հանգամանք, մյուս կողմից ինքնին որպես քաղաքական հաղորդագրություն էական է ներկայիս միջազգային իրադրության պայմաններում, որը զգալիորեն նոր շրջափուլ կարող է մտնել ԱՄՆ նախագահի ընտրությանը Դոնալդ Թրամփի հաղթանակի համատեքստում:
Այդ հանգամանքը, իհարկե, կարող է առաջացնել հարց, թե արդյո՞ք Վատիկանը Երևանի դիրքավորման առնչությամբ ունեցել է հարցեր, թե՞ Հայաստանն այսպես ասած իր նախաձեռնությամբ է արտահայտում «լիակատար աջակցությունը»: Ինչ խոսք, որևէ մեկը չի կարող արտահայտվել հակառակ կերպ՝ չաջակցել խաղաղության օրակարգի, այն էլ Վատիկանի պարագայում: Սակայն էական են բարձրաձայնումներն ու դրանց համար ընտրված պահերը: Ահա այդ իմաստով հատկանշական է, որ Հայաստանի վարչապետի՝ Վատիկան աշխատանքային այցը հաջորդում է ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփի հետ նրա հեռախոսազրույցին:
Իհարկե, սա բոլորովին չի նշանակում, թե այցը որոշվել է հեռախոսազրույցի արդյունքում, որովհետև Սուրբ Աթոռ այցերը պլանավորվում են և կազմակերպվում տևական ժամանակ առաջ: Այստեղ ժամանակագրությունը ուշագրավ է խորհրդանշանակության իմաստով, որովհետև Թրամփի հաղթանակի պարագայում Վատիկանը ստանում է որոշակի յուրօրինակ իմաստ և դերակատարում՝ հաշվի առնելով այն, որ Թրամփը գործնականում պահպանողական գաղափարախոսության և մեթոդաբանության դեմքն է, որի դիմաց կանգնած էր «ձախամետ-նեոլիբերալության» ճամբարը, և այդ իմաստով ԱՄՆ նախագահի ընտրությունը ճակատամարտն էր, այլ ոչ թե պատերազմը, որը շարունակվում է և կշարունակվի, ընդ որում՝ համաշխարհային ամբողջ խաղատախտակով:
Վատիկանը, ըստ էության, այն կետն է, որտեղ կա այդ երկու ճամբարների բալանսավորման հնարավորություն: Հնարավորությունը կօգտագործվի՞, թե ոչ, ինչպե՞ս: Սրանք, իհարկե, հարցեր են, բայց որ Սուրբ Աթոռը դառնում է աշխարհաքաղաքականության կարևորագույն հենման կետ, թերևս կասկածից վեր է: Այդ համատեքստում է ուշադրության արժանանում Երևանի «լիարժեք աջակցության» բարձրաձայնումը, թեև առավել կարևոր է լինելու, իհարկե, այն, թե այդ աջակցությունը, որքան և ինչպես է գնահատելու Սուրբ Աթոռը:








































