Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովը Հայաստանի նախագահին մեղադրել է միջազգային կառույցներին մոլորեցնելու մեջ.
«Ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը չի մտնելու Ադրբեջանի կազմի մեջ։ Սա հերթական անգամ ի ցույց է դնում, որ Հայաստանը «մոլորեցնում» է միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին ու ԵԱՀԿ-ին։ Միջազգային արենայում կան կազմակերպություններ ու մարդիկ, որոնք դեռ աչք են փակում նրա վրա, թե ինչպես են Սարգսյանի տիպի մարդիկ «թելադրում» համաշխարհային քաղաքականության պայմանները։
Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ հավատում է միջազգային կազմակերպությունների խաղաղասիրական առաքելություններին, և որ դրանք կարգավորելու են ղարաբաղյան հակամարտությունը, վերացնելու են «այլ երկրներին ներկայացված» Հայաստանի տարածքային հավակնությունները։
Ադրբեջանը հուսով է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվելու է խաղաղ ճանապարհով։ Բայց եթե միջազգային հանրությունն այդ հարցում անզորություն ու անօգնականություն դրսևորի և լրջորեն չարձագանքի Հայաստանի նմանատիպ հայտարարություններին, ապա Ադրբեջանը սկսելու է մտածել «իր տարածքների ազատագրման» այլ ճանապարհների մասին»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Հասանովը հայտարարել էր, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ձգձգվում է Հայաստանի «ապակառուցողական դիրքորոշման պատճառով»՝ ընդգծելով, որ բանակցությունները շարունակելու Ադրբեջանի պոտենցիալը դեռ սպառված չէ։









































