Օգոստոսի 23-ին տեղի է ունեցել ոչ միայն Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց, այլ նաեւ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Իրանի արտգործնախարարի պաշտոնում նոր նշանակված Աբաս Արագչին: Արդեն բազմիցս խոսվել է այն մասին, որ Արագչին նախկինում զբաղեցրել է Իրանի փոխարտգործնախարարի պաշտոնը՝ ռեֆորմիստական թեւի ներկայացուցիչ Հասան Ռոհանիի նախագահության շրջանում: Դրանից հետո Արագչին ներգրավված է եղել արտաքին քաղաքականության հարցերի Իրանի ռազմավարական խորհրդում:
Հիշեցնեմ, որ Աբաս Արագչին էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հատուկ բանագնացը, որը 44-օրյա պատերազմի օրերին այցելել էր Երեւան, Մոսկվա, Բաքու, Անկարա եւ փորձում էր առաջ մղել ռեգիոնալ հակամարտությունների կարգավորումը ռեգիոնալ պետությունների շրջանակում կարգավորելու Իրանի գաղափարը, որն ըստ էության հնարավոր է դիտարկել այսպես ասած 3+3 ձեւաչափի «նախնական գաղափար»:
Թե ինչ արդյունավետություն է ունեցել Արագչիի այդ այցը, շատ բարդ է ասել, որովհետեւ այն չի դադարեցրել պատերազմը, սակայն նաեւ կասկածից վեր է, որ Իրանը չի էլ ունեցել պատերազմը դադարեցնելու չափազանցված սպասում կամ պատրանք, այլ իր այդ նախաձեռնությամբ թերեւս դրել է պարզապես ծավալվող զարգացումներից այսպես ասած դուրս չմնալու խնդիր: Լուծել է այն, թե ոչ, կամ որքանով է կարողացել լուծել, սա եւս ոնորոշ հարց է: Սակայն, հարկ է նկատել, որ 44-օրյա պատերազմմից հետո ձեւավորված ռեգիոնալ ստատուս-քբոյում Իրանի դիրքորոշումն ու դերը ավելացել է նկատելիորեն, ինչի այսպես ասած «պատճառահետեւանքային առիքներից» հիմնականներից մեկը հաղորդուղիների ապաշրջափակման հարցն է, որն այլ կերպ բնորոշվում է «միջանցքի հարց»:
Ընդ որում, Արարատ Միրզոյանը Աբաս Արագչիի հետ զրույցում նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անխախտելիության առնչությամբ ԻԻՀ հաստատուն դիրքորոշումը: Հատկանշական է, որ հեռախոսազրույցը տեղի է ունենում հաղորդուղիների ապաշրջափակման վերաբերյալ Մոսկվայի ու Երեւանի փոխադարձ մեղադրանքների հերթական դրվագի ֆոնին, որի «մեկնարկը» Բաքվում լրատվամիջոցների հետ զրույցում Լավրովի արած հայտարարությունն էր: Ըստ էության, կարո՞ղ է արդյոք Միրզոյան-Արագչի հեռախոսազրույցը լինել այդ իմաստով Հայաստանի դիրքորոշմանը Թեհրանի որոշակի աջակցության դրսեւորում: Այստեղ իհարկե հարկավոր է նկատել նաեւ, որ Պուտինի Բաքու այցին զուգահեռ, Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Քանանին Իրանի մտահոգությունն էր հատնել Հայաստանում ԱՄՆ ներկայության առնչությամբ:
Ենթադրվում է, որ թեման կարող էր լինել նաեւ Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարների զրույցի ընթացքում: Նաեւ հետաքրքիր կարող է լինել, թե արդյո՞ք այդ զրույցի բովանդակության մեջ կարող էր արտացոլված լինել նույն օրը տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի որեւէ ասպեկտ, առավել եւս, որ այդ հեռախոսազրույցն էլ ինքնին «թելադրված» էր Պուտինի Բաքու կատարած այցով: Իհարկե այդ հարցը բաց է, որովհետեւ հստակ չէ, թե արդյո՞ք ժամանակագրական առումով այդ հեռախոսազրույցները որքանով են հաջորդել իրար եւ որքանով է այդ ընթացքում տեղի ունեցել շփում Հայաստանի վարչապետի եւ արտգործնախարարի միջեւ:
Մեծ հաշվով, պետք չէ բացառել, որ Միրզոյան-Արագչի շփումը ավելի շուտ ունի ծանոթագրական բնույթ, հաշվի առնելով, որ Արագչին նոր է զբաղեցրել նախարարի պաշտոնը: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին: Որոնք են դրանք, եւ ենթադրում են արդյոք երկկո՞ղմ, թե բազմակողմ ձեւաչափեր, չի մանրամասնվում: Օրինակ, իրանական կողմը շաբաթներ առաջ հայտնել էր, որ առաջիկայում Թուրքիայում ծրագրվում է արտգործնախարարների մակարդակով 3+3 ձեւաչափի երկրորդ հանդիպումը:
Հիշեցնեմ, որ արտգործնախարարների մակարդակով առաջինն ամիսներ առաջ կայացավ Իրանում: Իսկ կարո՞ղ են առաջիկա ծրագրերը ենթադրել նաեւ Հայաստանի արտգործնախարարի այց Թեհհրան, կամ Իրանի նոր արտգործնախարարի այց Երեւան: Համենայն դեպս հետաքրքիր է նաեւ, թե ինչու՞ Արարատ Միրզոյանն իր նոր գործընկերոջը չի հրավիրել Երեւան:









































