Արդեն մի քանի օր է, որ Հայաստանում բժիշկներն ու այցելուները դժգոհում են մարտի 1-ից արված նորամուծությունից՝ դեղատոմսերի բացառապես էլեկտրոնային դուրսգրում: Դեղատները այլեւս միայն էլեկտրոնային դեղատոմսով են վաճառելու դեղերը, չընդունելով թղթայինը: Նորամուծությունը, կամ ինչպես կառավարությունն ու առողջապահության նախարարն են բնորոշում՝ «ռեֆորմը» բարդացրել է թե բժիշկների, թե քաղաքացիների կյանքը:
Դա այն դեպքում, երբ ռեֆորմացիան պետք է ունենա բոլորովին այլ նպատակ եւ արդյունք՝ որքան հնարավոր է դյուրացնել կյանքը, դարձնել այն հարմարավետ: Եթե չի ապահովվում այդ արդյունքը, ուրեմն խոսք չի կարող լինել ռեֆորմի մասին, կամ ակնառու է, որ ռեֆորմը տապալված է հենց սկզբից: Հիմա, եթե մարտի 1-ից կիրառվող նորամուծությունը ռեֆորմ է, ապա այն տապալված է ակնհայտորեն: Կամ, այն բացարձակապես ռեֆորմ չէ եւ թելադրված է կամ ինչ-ինչ նկատառումներով, որոնք որեւէ կապ չունեն հանրային եւ պետական շահի հետ, կամ թելադրված է աղաղակող ոչ կոմպետենտությամբ:
Ամբողջ հարցն այն է, որ էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված պատմությունը ընդամենը Հայաստանի կառավարման որակի ցուցիչներից մեկն է, հերթականը: Օրեր առաջ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում հայտարարում էր, որ «մենք պետք է խոստովանենք, որ դպրոցաշինություն չգիտենք եւ սովորում ենք զրոյից»: Իրականում սակայն պետք է խոստովանել, որ կառավարող ուժը չգիտե կառավարում եւ կառավարումն է սկսում զրոյից, իսկ ոլորտային տարբեր մասշտաբի խնդիրները ընդամենը այդ իրողության օրինաչափ մետաստազներն են: Բայց, մեծ հարց է նաեւ այն, թե արդյո՞ք կառավարող ուժը սովորում է կառավարել:
Համենայն դեպս, գոնե մինչ այժմ չկա այդ երեւույթի համոզիչ վկայություն, որը թույլ կտա արձանագրել կառավարման որակի եւ արդյունքի շոշափելի փոփոխություն, հետեւաբար նաեւ հանրային ու պետական կյանքի ռեֆորմացիայի ակնառու դրսեւորում: Չկա որեւէ ոլորտ, որն այս տարիների ընթացքում ենթարկվել է համակարգային ռեֆորմացիայի, ինչի շնորհիվ հանրային կամ պետական կյանքում ներդրվել է լայն իմաստով անխափան աշխատող նոր մեխանիզմ, ինչը թեթեւացրել է քաղաքացու կենսակերպը, բարձրացրել նրան մատուցվող պետական ծառայությունների որակը, հետեւաբար՝ պետության հանդեպ վստահությունը, ինչն ուղիղ իմաստով պայմանավորում է նաեւ պետական գիտակցության ամրապնդումը:









































