Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրության քվեարկությունն սկսվել է: Մամուլի ուշադրության կենտրոնում այսպես կոչված «ազատագրված տարածքներն» են, որտեղ երեք տասնամյակ հետո առաջին անգամ ընտրական տեղամասեր են բացվել: Քվեարկությունից մեկ օր առաջ իշխող վարչախումբը Ստեփանակերտ է գործուղել ԿԸՀ բազմաթիվ աշխատակիցների, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին: Ստեփանակերտում բացվել է մեկ «ընտրական տեղամաս»: Ընդ որում, այն հատուկ մտադրվածությամբ տեղակայել են Արցախի նախագահի նստավայրում:
Ովքե՞ր են քվեարկելու «բանվորա-գյուղացիության եւ նրա ծոցից ծնված ինտելիգենցիայի միասնական թեկնածու» Իլհամ Ալիեւի օգտին՝ հայտնի չէ: Ստեփանակերտում քաղաքացիական բնակչություն գործնականում չկա, քաղաքում միայն օկուպացիոն ռեժիմի զինվորականներ են, ոստիկանության, հատուկ ծառայությունների եւ այլ ուժային կառույցների ներկայացուցիչներ: Բայց դա չի խանգարել, որ Ադրբեջանի ԿԸՀ-ն կազմակերպի «exit-poll» եւ ներգրավի «ամերիկյան» Oracle Advisory Group անվանումով ինչ-որ կազմակերպություն:
Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրությունները եվրոպական կազմակերպությունների եւ կառույցների կողմից չեն դիտարկվում: Դիտորդներ հրավիրվել են ԱՊՀ-ից, Իսլամական եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունից, Ռուսաստանի պետական դումայից: Բացառված չէ, որ օրվա ընթացքում կազմակերպվի նրանց այցը Ստեփանակերտ: Ալիեւը խնդիր է դրել տեղեկատվա-քարոզչական ֆոն ստեղծել «ընտրությունները նաեւ Ստեփանակերտում անցկացնելու» շուրջ: Համարվում է, որ դա «լիովին լեգիտիմացնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերականգնումը»:
Այս համապատկերին առնվազն արտառոց է, որ Արցախի քաղաքական էլիտան, խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունները, ՀԿ-երը, հանրային խմբերը որեւէ վերաբերմունք չեն դրսեւորում: Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոն արդեն իսկ կասկածի տակ են առել Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների լեգիտիմությունը: ԱՄՆ պետական դեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ հիմք կընդունվի ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի վերջնական զեկույցը:
Այս համատեքստում չափազանց կարեւոր է միջազգայնացնել Արցախում էթնիկ զտումների ենթարկված, բռանատեղահանված մարդկանց հավաքական գնահատականը: Բոլոր կառույցների ուշադրությունը պետք է հրավիրվի իրողության վրա, որ Ադրբեջանն օկուպացված Ստեփանակերտում «ընտրատեղամաս» է բացել՝ դրանով իսկ ազդակ հղելով, որ չի ճանաչում 150 հազար հայ մարդու վերադարձի եւ քաղաքական ազատությունների իրավունքը:
Փետրվարի 7-ի կտրվածքով նման հայտարարությունները գործնականում իրավիճակի վրա ազդեցություն չեն ունենա, բայց միջազգային հանրության հետ ինչպե՞ս է խնդիրներ կարգավորելու Իլհամ Ալիեւը՝ կանխորոշված չէ: Մի կողմից հանձնախումբ ստեղծել եւ բացառապես եվրոպական եւ ամերիկյան հարթակներում աջակցություն փնտրել, մյուս կողմից լռության մատնել Ստեփանակերտում ալիեւյան «ընտրական» բուֆոնադան, քաղաքական առումով անհասկանալի է, իրավիճակին համարժեք չէ:
Բաքվում գտնվող՝ ՌԴ պետդումայի պատգամավորներից որեւէ մեկը Ստեփանակերտ կայցելի՞ կամ՝ ԱՊՀ միջխորհրդարանական պատվիրակությունը: Դա սկզբունքային նշանակության հարց է: Ստեփանակերտի արձագանքն այս իմաստով չափազանց կարեւոր է: Պետք է հույս պահել, որ Արցախի էլիտան հետեւում է իրադարձություններին եւ տեսակետ կարտահայտի, երբ կավարտվի քվեարկությունը:









































