Սիրիացի իրավապաշտպանները հայտնում են, որ երկրի անվտանգության ծառայությունները կրակ են բացել ցուցարարների վրա Համայի մերձակա բնակավայրերում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ըստ իրավապաշտպանների` սպանվել է առնվազն 4 մարդ: Ականատեսների վկայությամբ` կառավարական ուժերը կրակ են բացել ուրբաթօրյա աղոթքից անմիջապես հետո, որպեսզի կանխեն հակակառավարական հնարավոր ցույցերը:
Միաժամանակ` տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Սիրիայի կառավարական զորքերը ներխուժել են Լիբանանի տարածք, որպեսզի թույլ չտան ցույցերի մասնակիցներին հատել Սիրիայի և Լիբանանի պետական սահմանը: Այս մասին հայտնել են Լիբանանի բանակի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ աշխարհի տարբեր վայրերից երեկ Ստամբուլում էին հավաքվել սիրիացի ընդդիմադիրները։ Ժողովրդավարության հիման վրա քաղաքացիական պետություն ստեղծել ձգտող սիրիական ընդդիմությունը հայտարարել էր Սիրիայի ազգային խորհրդարանի ձևավորման մասին։









































