«Մենք պատրաստակամ կլինենք սատարելու ՀՀ կառավարությանը և ՀՀ ժողովրդին, մենք արդեն իսկ ընտրել ենք, որ ՀՀ արտգործնախարարը մասնակցի մեր արտաքին հարաբերութունների խորհրդին ու շարունակաբար կկազմակերպենք նման հանդիպումներ մեր արժեքները կիսող անդամ պետությունների հետ, ինչպիսիք են Ֆրանսիան և Կիպրոսը։ Կարծում եմ՝ հույժ կարևոր է, որ շարունակաբար շեշտադրենք Հայաստանի մասին եվրոպական տեսակետը։ Սա անում ենք ոչ միայն հանուն ՀՀ-ի ապագայի՝ նպաստելու հայ ժողովրդի բարեկեցության աճին, բայց սա կարևոր է նաև Եվրպայի համար։
Մենք կարծում ենք, որ Հայաստանը Եվրոպայի կարևոր մի մասն է, որի վերաբերյալ կան պատմական կապեր։ Հունաստանը շուտով սատարելու է մի ծրագիր, որը ֆինանսավորելու է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։ Դա, մասնավորպես, վերաբերում է բնակարանային ֆոնդին, կեցությանը», Երեւանում հունվարի 10-ին հայտարարել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի արտգործնախարարը: Այս հայտարարության մեջ անշուշտ չափազանց կարեւոր է արցախահայությանը աջակցելու ծրագրի ազդարարումը, որի շուտափույթ եւ առարկայական իրականացմանը հասնելը պետք է առաջնահերթություն լինի Հայաստանի կառավարության համար: Հունաաստանի արտգործնախարարը սակայն իր խոսքում շոշափում է նաեւ առավել ռազմավարական եւ խորքային նշանակության «եզրեր», որոնք վերաբերում են Հայաստան-Եվրոպա հարաբերությանը, Հայաստանի եվրոպական ընկալմանը:
Հունաստանի արտգգործնախարարը փաստացի ուրվագծում է պետությունների եռյակ՝ Հունաստան, Ֆրանսիա, Կիպրոս, որոնք Հայաստանի եվրոպական հեռանկարում դիտարկում են որոշակի հատուկ դիրքավորմամբ: Ինչպիսին է այդ առանձնահատուկ ընկալման, հույն նախարարի բնորոշմամբ՝ կիսվող արժեքների առավել առարկայական բովանդակությունն ու եզրագիծը, հարց է, որըդեռ կարիք կա հասկանալ, ուսումնասիրել, դրա հետ աշխատելու համար: Քանի որ կասկածից վեր է, որ առանձնահատուկ ընկալումը Հայաստանին արվող նվեր չէ, այլ սեփական շահերի ծիրում Հայաստանի համար դիտարկվող դեր, որը կարող է պարունակել ինչպես նոր հնարավորություններ մեր երկրի համար, այդպես էլ իհարկե նոր ռիսկեր ու մարտահրավերներ: Այդ աշխատանքը անհրաժեշտ է նաեւ հասկանալու համար, թե հույն նախարարի խոսքով՝ «մեր արժեքները կիսող» պետությունները սահմանափակվում են Ֆրանսիայով եւ Կիպրոսո՞վ, թե՞ կան այլ երկրներ:
Մասնավորապես, ինչպիսին է օրինակ Լեհաստանի դիրքորոշումը, որի ղեկին օրերս հայտնվեց մարդ, որը դեռ 2019 թվականին էր Սեւանավանքում հայտարարում, թե այստեղ բաբախում է Եվրոպայի սիրտը: Խոսքը Դոնալդ Տուսկի մասին է, որն այն ժամանակ Եվրոպայի Խորհրդի նախագահ էր: Հունաստանի նախարարը երբ խոսում է արժեքները կիսելու մասին, դրա տողատակում արդյո՞ք գոյություն ունի, եւ կամ՝ ինչպիսի՞ գոյություն ունի Լոնդոնի հետ Աթենքի ներկայիս սուր հարաբերությունը, կապված Պարթենոնի տաճարի քանդակների հետ, որոնք Օսմանյան Թուրքիայի տարիներից տեղափոխված են Լոնդոն եւ Բրիտանիայի կառավարությունը հրչաժարվում է ընդունել Աթենք վերադարձնելու Հունաստանի պահանջը:
Այդ հողի վրա շաբաթներ առաջ եղավ սկանդալը, երբ Բրիտանիայի վարչապետ Սունակը հրաժարվեց Լոնդոն ժամանած Հունաստանի վարչապետ Միցոտակիսի հետ հանդիպումից: Իսկ որքանո՞վ է Աթենքի արտգործնախարարի գծած «արժեքներ կիսող» եռյակի հանգամանքը դեր խաղում ֆրանս-ադրբեջանական դիվանագիտա-լրտեսական կոնֆլիկտի հարցում, որ ծագել է վերջին մի քանի շաբաթների եւ արձանագրում է դեռեւս աճման միտում: Այդ բոլորը հարցեր են, որ պետք է առաջանան Հունաստանի արտգործնախարարի երեւանյան հայտարարություններից, լսողության հարմարավետությունից հետո մարսողության անհարմարությունների չբախվելու համար:









































